Ճապոնիայի Միյադզակի նահանգի ավելի քան 370 բնակիչներ կոլեկտիվ հայց են ներկայացրել դատարան՝ պահանջելով արգելել տեղի «Նյուտաբարու» ռազմաօդային բազայում նորագույն F-35B կործանիչների գիշերային և վաղ առավոտյան թռիչքները։ Նրանք նաև պետությունից փոխհատուցում են պահանջում աղմուկի պատճառած վնասի համար։
Հինգերորդ սերնդի F-35B մարտական ինքնաթիռները նախատեսված են ճապոնական երկու թեթև ավիակիրների համալրման համար, որոնք ներկայումս արդիականացվում են։ «Նյուտաբարու» բազայում այժմ տեղակայված է 8 այդպիսի կործանիչ, սակայն հետագայում դրանց թիվը հասցվելու է 42-ի։ Հայցվորներն առանձնապես դժգոհում են այն աղմուկից, որն առաջանում է ավիակրի պայմանական տախտակամածին F-35B-ի ուղղահայաց վայրէջքի վարժանքների ժամանակ։
2017 թվականին նմանատիպ հայց է ներկայացվել Միյադզակի քաղաքի շրջանային դատարան, որը որոշել էր տեղի բնակիչներին վճարել ավելի քան 200 միլիոն իենի (ընթացիկ փոխարժեքով՝ ավելի քան 1,2 միլիոն դոլար) փոխհատուցում։ Այնուամենայնիվ, դատական բոլոր ատյանները հետևողականորեն մերժել են թռիչքները դադարեցնելու պահանջը։
Ներկայում Ճապոնիայի ռազմաօդային ուժերն ունեն երկու տարբերակով թողարկված 55 F-35 ինքնաթիռ՝ նախատեսված սովորական թռիչքուղիների և ավիակիրների համար, որոնք մի մասը գնվում են ԱՄՆ-ից, մի մասն էլ՝ հավաքվում տեղում։ Ընդհանուր առմամբ՝ Տոկիոն ձեռք է բերելու այսպիսի 147 կործանիչ, ինչն ամենամեծ ցուցանիշն է Վաշինգտոնի դաշնակիցների շրջանում:
Source: https://news.am/hy/news/1052019