«Իրաքի իսլամական դիմադրության» կազմում գործող պրոիրանական շիական խմբավորումները զգուշացրել են Սաուդյան Արաբիային՝ սպառնալով «կոշտ պատասխան տալ» իրենց դեմ ուղղված հնարավոր քայլերի դեպքում։
«Մենք՝ «Իսլամական դիմադրությունը», հստակորեն զգուշացնում ենք Սաուդյան Արաբիայի իշխանություններին, որ ձեր ցանկացած անխոհեմ քայլը կոշտ հակահարված կստանա, ինչի համար դուք դառնորեն կզղջաք», — նշված է խմբավորումների Telegram-ալիքում տարածված հայտարարությունում։
«Իրաքի իսլամական դիմադրությունը» հրաժարվել է ստանձնել Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակման փորձի պատասխանատվությունը։
«Այս անհիմն մեղադրանքները պարզապես փորձ են եմենցիների ցավոտ հարվածների առջև սեփական անզորությունը քողարկելու համար, քանի որ նրանք ներթափանցել են իրենց ենթակառուցվածքների խորքերը։ Այս ամենը բխում է հետագա պատասխան հարվածների վախից», — հավելել են խմբավորման ներկայացուցիչները։
Իր հերթին, Եմենի հյուսիսը վերահսկող շիական «Անսար Ալլահ» ռազմաքաղաքական շարժումը (հութիերը) երկուշաբթի օրը հայտարարել է, որ հենց ինքն է հարձակվել թագավորության արևելյան հանքավայրերից դեպի արևմուտքում գտնվող Կարմիր ծովի Եանբու նավահանգիստ սաուդյան նավթի փոխադրման ենթակառուցվածքների վրա։
Ավելի վաղ երկուշաբթի օրը թագավորության ԱԳՆ-ն հայտարարել էր, որ իրեն իրավունք է վերապահում պատասխան գործողություններ ձեռնարկել իրաքյան խմբավորումների դեմ, որոնք, ըստ նրա պնդման, անօդաչու թռչող սարքերի միջոցով փորձել են հարվածներ հասցնել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքային շրջանի և արևելյան նավթային օբյեկտներին։
Source: https://news.am/hy/news/1052020