Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումների՝ 2026 թվականին ԱՄՆ պետական պարտքը կհասնի 40,7 տրիլիոն դոլարի, ինչը երկիրն այդ ցուցանիշով բացարձակ համաշխարհային առաջատար կդարձնի: Այդ գումարը գերազանցում է Չինաստանի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի համախառն պետական պարտքը՝ ակնառու կերպով ցուցադրելով ամերիկյան փոխառությունների մասշտաբները:

Ընդսմին, եթե պարտքը համեմատենք տնտեսության ծավալի հետ, իրավիճակն այլ տեսք է ստանում: ՀՆԱ-ի մոտ 126%-ի մակարդակում ԱՄՆ-ն այս ցուցանիշով զիջում է այնպիսի երկրների, ինչպիսիք են Ճապոնիան, Սինգապուրը, Իտալիան և Հունաստանը, գրում է Naked Science-ը:

Բացի դրանից, Միացյալ Նահանգներն ունի կարևոր առավելություն. դոլարը մնում է գլխավոր համաշխարհային պահուստային արժույթը, ինչն աջակցում է ամերիկյան արժույթով անվանական ակտիվների նկատմամբ բարձր գլոբալ պահանջարկին:

Պետական պարտքի հարաբերական մակարդակով բացարձակ առաջատար է մնում Ճապոնիան: Սպասվում է, որ 2026 թվականին նրա պարտքը կգերազանցի ՀՆԱ-ի 204%-ը: Թեև նման բարձր ցուցանիշը շատ երկրներում լուրջ մտահոգություններ կառաջացներ, Ճապոնիայի դեպքում իրավիճակը մեղմում են ներդրողների զարգացած Ներքին շուկան և ազգային ֆինանսական համակարգի առանձնահատկությունները, որոնք ազդում են նրա պարտավորությունների կայունության գնահատման վրա:

Ճապոնիային հաջորդում են Սինգապուրը, ինչպես նաև Սուդանը՝ ՀՆԱ-ի 169% ցուցանիշով, և Բահրեյնը՝ ՀՆԱ-ի 152%-ով:

Ընդ որում, «պարտք/ՀՆԱ» հարաբերակցությունն ինքնին չի արտացոլում համաշխարհային ֆինանսական շուկաների վստահության մակարդակը պետության նկատմամբ: Ներդրողները հաշվի են առնում նաև պետական ֆինանսների վիճակը, երկրի վարկանիշը, քաղաքական կայունությունը և ֆինանսավորման աղբյուրների հասանելիությունը:

Ուստի այնպիսի պետություններ, ինչպիսիք են Բոլիվիան (պետական պարտքը՝ ՀՆԱ-ի 103%-ը) կամ Մոզամբիկը (106%-ը), կարող են բախվել փոխառու միջոցների ներգրավման ավելի մեծ դժվարությունների, քան, օրինակ, Սինգապուրը՝ չնայած տնտեսության համեմատ նրա պետական պարտքի նշանակալիորեն ավելի բարձր մակարդակին:

Եվրոպական մի շարք առաջատար երկրներ շարունակում են ապրել բյուջեի խոշոր դեֆիցիտով և պետական պարտքի բարձր մակարդակով:

Այսպես, Հունաստանում և Իտալիայում պետական պարտքի ծավալը գերազանցում է ՀՆԱ-ի 135%-ը: Այնուամենայնիվ, բացարձակ արտահայտությամբ Իտալիայի պարտքը, որը կազմում է մոտ 3,8 տրիլիոն դոլար, մնում է ավելի փոքր, քան Ֆրանսիայինը և Մեծ Բրիտանիայինը, որտեղ պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ին հասնում է համապատասխանաբար 118%-ի և 104%-ի:

Իսպանիայում պետական պարտքը 2026 թվականին, ըստ կանխատեսումների, կկազմի 2,1 տրիլիոն դոլար կամ ՀՆԱ-ի մոտ 98%-ը, ինչը նշանակում է ավելի չափավոր պարտքային բեռ՝ եվրոպական մի շարք այլ խոշոր տնտեսությունների համեմատ:

Մինչդեռ Գերմանիան շարունակում է հավատարիմ մնալ սահմանադրության մեջ ամրագրված «պարտքային արգելակման» մեխանիզմին, որը սահմանափակում է բյուջեի կառուցվածքային պակասորդը: Դրա շնորհիվ Եվրոպայի խոշորագույն տնտեսությունը, ինչպես սպասվում է, կունենա մոտ 3,5 տրիլիոն դոլարի պետական պարտք՝ ավելի քիչ, քան Ֆրանսիայինը, Իտալիայինը և Մեծ Բրիտանիայինը:

Source: https://news.am/hy/news/1051182