Իտալիայում լողավազանի քլորի գոլորշիներից 9 մարդ է թունավորվել, ևս 50-ը՝ տարհանվել, հայտնում է Roma Today պորտալը։

«Լողավազանի պոմպակայանից քլորի խոշոր արտահոսք է տեղի ունեցել։ Մոտ 20 րոպե անց այցելուները, այդ թվում՝ մի քանի երեխա, գազը շնչելու հետևանքով ինքնազգացողության վատացում են ունեցել»,- նշված է հրապարակման մեջ։

Տուժած 9 քաղաքացիները (որոնցից 4-ը՝ 10-15 տարեկան երեխաներ են) միջին ծանրության վիճակում տեղափոխվել են տեղի բուժհաստատություններ։ 5-ամյա մի տղա ծանր վիճակում հոսպիտալացվել է Հռոմի «Սանտ Անդրեա» հիվանդանոց․ նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Բոլոր տուժածների մոտ ի հայտ են եկել քլորի թունավորմամբ պայմանավորված շնչառական խանգարումներ։ Անվտանգության նկատառումներով շենքից տարհանվել է շուրջ 50 մարդ։

Դեպքի առթիվ քննություն է ընթանում։ Մարզահամալիրի տարածքը վերցվել է վերահսկողության տակ և փոխանցվել դատախազության տնօրինմանը։

Source: https://news.am/hy/news/1050644