Հրշեջները դժվարությամբ էին զսպում այս տարվա խոշորագույն անտառային հրդեհը Իսպանիայում, իսկ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում հրդեհաշիջման ժամանակ երկու հրշեջներ են զոհվել: Եվրոպայում պահպանվում է ծայրահեղ շոգը, իսկ եղանակային անկայուն պայմանները հանգեցրել են երաշտի և հզոր կարկտաբեր փոթորիկների սպառնալիքի, գրում է Reuters-ը:

Զոհված ֆրանսիացի փրկարարները պայքարում էին կրակի դեմ Ժիրոնդ դեպարտամենտի օդանավակայանի մոտակայքում, որտեղ հայտարարված է հրդեհային վտանգի բարձր մակարդակ, հայտնել է ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը: Դա տեղի ունեցավ Ֆրանսիական Ալպերի Սավոյա դեպարտամենտում ևս մեկ հրշեջի զոհվելուց ընդամենը երկու շաբաթ անց:

Կենտրոնական իսպանական Գվադալախարա նահանգում արդեն վեցերորդ օրն է, ինչ մոլեգնում է անվերահսկելի անտառային հրդեհը, որի պատճառով ստիպված են եղել տարհանել ավելի քան 1200 մարդու:

Արտակարգ ծառայությունները փորձում են զսպել կրակի տարածումը այն պայմաններում, երբ օդի ջերմաստիճանը գերազանցում է 40 °C-ը, իսկ հրդեհային վտանգը հասել է կրիտիկական մակարդակի: Հիշեցնենք, որ մոտ երկու շաբաթ առաջ Բեդար շրջանում (հարավային Ալմերիա նահանգ) վերջին տասնամյակների ամենաուժեղ անտառային հրդեհի հետևանքով 13 մարդ էր զոհվել:

Եվրոպան մնում է աշխարհում ամենաարագ տաքացող մայրցամաքը: Շատ գիտնականներ ընդգծում են, որ մարդու գործունեությամբ պայմանավորված կլիմայի փոփոխությունը նոյնիսկ ոչ միայն մեծացնում է շոգի ալիքների, երաշտների և անտառային հրդեհների ինտենսիվությունը, այլև պայմաններ է ստեղծում հանկարծակի ավերիչ փոթորիկների համար:

Տարվա սկզբից ի վեր մայրցամաքն ապրել է անոմալ շոգի արդեն երեք ալիք, որոնք ընթանում են գրեթե մեկը մյուսի հետևից: Բարձր ջերմաստիճանները միաժամանակ հանգեցրել են մայիսից հունիս ընկած ժամանակահատվածում հավելյալ մահացության հազարավոր դեպքերի:

Բրիտանական Thames Water ընկերությունը հայտարարել է Լոնդոնում և նրա շրջակայքում 10 միլիոն հաճախորդի համար ջրի օգտագործման սահմանափակումներ մտցնելու մասին: Խմելու ջրի պաշարները պահպանելու համար արգելված է օգտագործել այգեգործական փողրակներ, ցայտիչներ և բարձր ճնշման լվացման սարքեր:

Մեծ Բրիտանիայի կառավարությանն առընթեր Երաշտի ազգային խմբի տվյալներով՝ Անգլիայում տեղացել է հուլիսի բազմամյա նորմայի ընդամենը 3%-ը, իսկ երկրի հարավում և արևելքում անձրևներ ընդհանրապես չեն եղել. սա 1990-ականների կեսերից ի վեր ամենաերկարատև չորային ժամանակահատվածն է:

Եվրոպայի հարավ-արևելքում՝ Հունաստանում, իշխանությունները բնակիչներին խորհուրդ են տվել առանց ծայրահեղ անհրաժեշտության փողոց դուրս չգալ. երկիրն ապրում է այս ամառային տարեշրջանի առաջին մասշտաբային շոգի ալիքը՝ մինչև 40 °C ջերմաստիճանով:

Աթենքի կենտրոնում բնակիչներն ու զբոսաշրջիկներն Ակրոպոլիսում արևից պաշտպանվում էին գլխարկների և հովանոցների օգնությամբ, իսկ ռեստորաններն ու սրճարանները տեղադրել են մառախուղագոյացման համակարգեր և օդափոխիչներ՝ այցելուներին հովացնելու համար:

Reuters Climate Monitor-ի տվյալներով՝ Արևմտյան Եվրոպայում միջին ցերեկային ջերմաստիճանը կազմել է 26,3 °C, ինչը 2,7 աստիճանով բարձր է հուլիսի 21-ի կլիմայական նորմայից՝ 1961-ից 1990 թվականների ժամանակահատվածի համեմատ: Հունաստանում ջերմաստիճանը նորման գերազանցել է 5,8 աստիճանով, իսկ Իսպանիայում միջին առավելագույնը հասել է 33,2 °C-ի, ինչը 5,3 աստիճանով բարձր է անցյալ տասնամյակների ցուցանիշներից:

Ալբանիայում բնակիչներն ու զբոսաշրջիկները փրկություն են փնտրում փողոցի խմելու ջրի ցայտաղբյուրների մոտ:

«Այսօր անտանելի շոգ էր՝ պլյուս 42 աստիճան: Առանց սառը ջրի պարզապես անհնար է գոյատևել»,- կիսվել է Տիրանայի բնակիչ Ֆերիդ Սալիհուն:

Սերբիայում Դանուբի ջրի մակարդակը իջել է մինչև 1946 թվականից ի վեր նվազագույն ցուցանիշի: Գետային նավահանգստային ծառայությունները հայտնել են, որ բեռնանավերն ու նավերը ստիպված են նվազեցնել բեռնվածությունը՝ Դանուբի և Սավայի սերբական հատվածներն անցնելու համար:

Օդերևութաբաններն ու Արևմտյան բալկանյան երկրների իշխանությունները նախազգուշացնում են, որ շոգին փոխարինող անկայունությունը կբերի հզոր կարկտաբեր փոթորիկներ: Ըստ խորվաթական ԶԼՄ-ների՝ Ադրիատիկի հյուսիսում՝ Ռովին քաղաքում ուժեղ կարկուտի հետևանքով արդեն տուժել է մի քանի մարդ: Ըստ կանխատեսումների՝ փոթորկալից ճակատը հետագայում կշարժվի դեպի Սլովենիա, Բոսնիա և Հերցեգովինա, հարավային Սերբիա և Հյուսիսային Մակեդոնիա:

Source: https://news.am/hy/news/1051009