ԱՄՆ-ն ու Չինաստանը սեպտեմբերին բանակցություններ կանցկացնեն արհեստական բանականության հարցերով: Դրա մասին Reuters գործակալությանը հայտնել են իրավիճակին ծանոթ հինգ աղբյուրներ՝ այն ֆոնին, երբ մրցակցող գերտերությունները փորձում են նվազագույնի հասցնել միմյանց AI-ի առավել հզոր առաջատար մոդելներից բխող ռիսկերը:
AI-ի շուրջ բանակցությունները, որոնք դարձել են մայիսին անցկացված Թրամփի և Սի Ծինպինի գագաթնաժողովի առանցքային արդյունքներից մեկը, ամենայն հավանականությամբ տեղի կունենան մինչև ՉԺՀ նախագահ Սի Ծինպինի՝ սեպտեմբերի 24-ին նախատեսված այցը ԱՄՆ, հայտնել են աղբյուրները: Այնուամենայնիվ, վերջնական ժամկետները դեռևս հաստատված չեն:
Լինելով տնտեսական, քաղաքական և ռազմական մրցակիցներ՝ Չինաստանն ու ԱՄՆ-ը տեխնոլոգիաների համաշխարհային արագացող մրցավազքի պայմաններում աճող տագնապ են զգում AI-ի ոլորտում միմյանց կարողությունների վերաբերյալ:
Պեկինն ու Վաշինգտոնը գնահատում են AI-ի առաջատար մոդելների կարգավորման մեթոդները, որոնք կարող են ուժեղացնել ռազմական ներուժը, հնարավոր դարձնել կիբեռհարձակումները կարևորագույն ենթակառուցվածքների վրա և ապակայունացնել աշխատաշուկաները:
Սեպտեմբերյան բանակցություններն ամերիկյան կողմից կգլխավորի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, հստակեցրել են չորս աղբյուրներ:
ԱՄՆ-ից և Չինաստանից մյուս մասնակիցների կազմը, ինչպես նաև հանդիպումների օրակարգն ու անցկացման վայրը դեռևս քննարկվում են, քանի որ նախապատրաստական աշխատանքները նախնական փուլում են:
Source: https://news.am/hy/news/1051029