ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը (հանրապետական, Լուիզիանա նահանգ) աջակցում է Կոնգրեսի անդամների և Կապիտոլիումի աշխատակիցների միջև ռոմանտիկ կամ սեռական հարաբերությունների արգելքի սահմանմանը, հայտնում է Axios-ը:

Այս տարի Կոնգրեսը ցնցվել է ոչ պատշաճ սեռական վարքագծին առնչվող մի շարք աղմկահարույց սկանդալներից, ինչը դրդել է երկու կուսակցությունների ներկայացուցիչներին բանակցություններ սկսել Ներկայացուցիչների պալատում սեռական ոտնձգությունների և զանցանքների դեմ պայքարի մեխանիզմների բարեփոխման շուրջ:

«Ես դա անընդունելի եմ համարում, ինչպես ցանկացած այլ աշխատավայրում,- հայտարարել է Ջոնսոնը Axios-ին՝ պատասխանելով օրենսդիրների և աշխատակիցների միջև հարաբերությունների մասին հարցին:- Կոնգրեսում մենք պետք է պահպանենք առնվազն այն կանոններն ու ավանդույթները, որոնք ընդունված են ԱՄՆ կորպորատիվ հատվածում, այնպես որ ինձ համար այդ հարցն ակնհայտ է»:

Ներկայացուցիչների պալատի գործող կանոններն արգելում են օրենսդիրներին սեռական կապեր հաստատել սեփական աշխատակազմի աշխատակիցների հետ, սակայն չեն սահմանափակում այլ գրասենյակների և հանձնաժողովների աշխատակիցների հետ հարաբերությունները:

Սեռական զանցանքների հարցերով Ներկայացուցիչների պալատի երկկուսակցական աշխատանքային խումբը ներկայում գնահատում է նման հարաբերությունների ամբողջական արգելք առաջարկելու նպատակահարմարությունը:

«Օրենսդիրները հրաշալի հասկանում են, որ չպետք է դա անեն, քանի որ նրանք օժտված են ահռելի իշխանությամբ և ազդեցություն ցանկացած աշխատակցի կարիերայի վրա, նույնիսկ եթե վերջինս ուղղակիորեն չի աշխատում իրենց գրասենյակում,- Axios-ին հայտարարել է Ներկայացուցիչների պալատի անդամ Քեթ Քըմաքը (հանրապետական, Ֆլորիդա նահանգ), որը Հանրապետական կուսակցության կողմից գլխավորում է աշխատանքային խումբը:- Այստեղ առկա է իշխանական լիազորությունների ահռելի անհավասարակշռություն»:

Քըմաքը նշել է, որ այլ գրասենյակների աշխատակիցների հետ կապերի արգելքի հարցը դեռևս քննարկվում է, և կոնգրեսականների շրջանում պահպանվում են «տեսակետների տարաձայնություններ»: Ընդ որում, նա հավելել է, որ աշխատանքային խումբն արդեն «70%-ով համաձայնեցրել է» առաջարկությունների ավելի լայն փաթեթը:

Կանոնների խստացման կոչերն ակտիվացել են, երբ երկու կոնգրեսականներ՝ Թոնի Գոնսալեսը (հանրապետական, Տեխաս) և Էրիկ Սվոլուելը (դեմոկրատ, Կալիֆոռնիա), հրաժարական տվեցին այս տարի ավելի վաղ՝ ոչ պատշաճ սեռական վարքագծի մեղադրանքների ֆոնին: Սվոլուելին նաև սեռական բռնության մեղադրանքներ են առաջադրվել:

Սվոլուելը հերքել է բոլոր մեղադրանքները, իսկ Գոնսալեսը խոստովանել է իր ապարատի աշխատակցուհու հետ կապի մեջ լինելու փաստը, որն ավելի ուշ ինքնասպանություն էր գործել:

Առանձին Axios հրատարակությունը հայտնել էր, որ Ներկայացուցիչների պալատի անդամ Չակ Էդվարդսը (հանրապետական, Հյուսիսային Կարոլինա) հատուկ ուշադրություն էր ցուցաբերում երկու երիտասարդ աշխատակցուհիների նկատմամբ, ինչը աղբյուրները բնութագրել են որպես ոչ պատշաճ: Էդվարդսի նկատմամբ Էթիկայի հանձնաժողովը հետաքննություն է վարում՝ սեռական ոտնձգությունների և թշնամական աշխատանքային միջավայր ստեղծելու կասկածանքով:

Ներկայացուցիչների պալատի անդամ Քորի Միլսը (հանրապետական, Ֆլորիդա) նույնպես գտնվում է Էթիկայի հանձնաժողովի հետաքննության տակ՝ ընտանեկան բռնության, ուրիշի ռազմական ծառայությունների յուրացման և ֆինանսական խախտումների մեղադրանքներով. նա կտրականապես հերքում է բոլոր հավակնությունները:

New York Post պարբերականը հայտնել է, որ սենատոր Ռուբեն Գալյեգոն (դեմոկրատ, Արիզոնա) ռոմանտիկ հարաբերությունների մեջ է եղել այլ գրասենյակների երկու աշխատակցուհիների հետ Ներկայացուցիչների պալատում իր ծառայության ընթացքում: Պատասխանելով այդ հայտարարությունների մասին հարցին՝ Գալյեգոն NBC News-ին հայտնել է, որ «մտադիր չէ մասնակցել բամբասանքների տարածմանը»:

Source: https://news.am/hy/news/1051028