ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը հայտարարել է, որ անհրաժեշտ չի համարում Կոնգրեսում Իրանի դեմ ռազմական ուժի կիրառման թույլտվության (AUMF) վերաբերյալ քվեարկության անցկացումը: Լրագրողների հետ զրույցում նա ընդգծել է, որ հիմնական ջանքերն այժմ կենտրոնացած են արդեն մի քանի ամիս շարունակվող հակամարտության «կարգավորման» վրա:

«Գլխավոր հրամանատարը և ամբողջ Ռազմական նախարարությունը տքնաջան աշխատում են դա կարգավորման հասցնելու ուղղությամբ: Բազմաթիվ քննարկումներ են ընթանում, թե կոնկրետ ինչպես է դա արվելու: Մենք բոլորս, բնականաբար, ուշադիր հետևում ենք իրադարձությունների զարգացմանը, - հայտարարել է խոսնակը՝ հավելելով.- Չեմ կարծում, թե ռազմական ուժի կիրառման թույլտվությունն այժմ նպատակահարմար է: Ըստ իս, մենք պետք է հասնենք կարգավորման»:

Նա ամերիկացի զինծառայողների վերջերս տեղի ունեցած մահը «մեծ ողբերգություն» է անվանել՝ կրկին ընդգծելով, որ վարչակազմն «աշխատում է շուրջօրյա՝ հակամարտությունը լուծելու համար այնպիսի եղանակով, որպեսզի խուսափեն անձնակազմի շրջանում հետագա կորուստներից», հաղորդում է CNN-ը:

Ջոնսոնը երկար ժամանակ պնդում էր, որ Կոնգրեսը պետք է Թրամփի վարչակազմին գործողությունների լայն ազատություն տրամադրի հակամարտությունը վարելու և իրանական ռեժիմի ղեկավարության հետ բանակցություններ վարելու հարցում: Նա միաժամանակ զերծ էր մնում «պատերազմ» եզրույթն օգտագործելուց, իսկ մարտին վստահություն էր հայտնել, որ Իրանում ԱՄՆ գործողությունները կավարտվեն «սեղմ ժամկետներում»:

Պատասխանելով CNN-ի հարցին այս անցյալ հայտարարությունների վերաբերյալ՝ խոսնակը նշել է, որ «գլխավոր ցավոտ հարցը» Թեհրանի գործողություններն են:

«Լսե՛ք, իրանցիներին չի կարելի վստահել: Սրանում էլ է խնդիրը, - հայտարարել է նա: - Ամեն անգամ, երբ մեզ թվում է, թե հասնում ենք որևէ լուծման, նրանք գրեթե ակնթարթորեն խաթարում են բանակցությունների սեղանի շուրջ հակառակ կողմի վստահությունը: Հենց այդ պատճառով էլ մենք նման հիասթափություն ենք ապրում»:

Source: https://news.am/hy/news/1051036