Հարավային Կորեայի իշխանությունները երեքշաբթի օրը մի քանի ժամով բնակիչների տարհանում են հայտարարել՝ Սեուլի մոտակայքում գտնվող ամերիկյան Օսան ավիաբազայում սպիտակ ֆոսֆորի հնարավոր արտահոսքից հետո, հաղորդում է Associated Press-ը։

Փհենթհեք քաղաքի վարչակազմը մերձակա շրջանների բնակիչներին կոչ է արել լքել վտանգավոր գոտին և խուսափել նյութի՝ մաշկի հետ շփումից։

Արտահոսքը հայտնաբերվել է տեղական ժամանակով շուրջ 17:00-ին։ Մի քանի ժամ անց տարհանման մասին կարգադրությունը չեղարկվել է տարածքի ախտահանման աշխատանքների ավարտից հետո։

Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ ոստիկանությունը շրջափակել է բազայի շուրջ 300–500 մետր շառավղով տարածքը՝ սահմանափակելով հետիոտների և տրանսպորտի երթևեկությունը։ Տուժածների կամ լուրջ պատահարների մասին տեղեկություններ չեն ստացվել։

ԱՄՆ-ի 51-րդ կործանիչ աերոթևի հայտարարության մեջ չի հաստատվում սպիտակ ֆոսֆորի արտահոսքի փաստը։ Ամերիկյան զինվորականները հայտնել են միայն, որ «վերգետնյա միջադեպի» պատճառով, որպես զգուշության միջոց, բազայի շուրջ ստեղծվել է մոտ 300 մետր շառավղով անվտանգության գոտի։ Նրանք նաև հերքել են ավիաբազայի լիարժեք տարհանման մասին հաղորդագրությունները։

Զինվորականներն ընդգծել են, որ ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների և Փհենթհեքի բնակիչների անվտանգությունն ապահովելու համար։ Հարավային Կորեայում ամերիկյան զորքերի հրամանատարությունը լրացուցիչ մեկնաբանություններ չի տրամադրել։

Սպիտակ ֆոսֆորը քիմիական նյութ է, որն օգտագործվում է հրկիզող զինամթերքում և ծխածածկույթի արկերում։

Բռնկման ժամանակ այն այրվում է շատ բարձր ջերմաստիճանում, ունակ է առաջացնել լայնածավալ հրդեհներ և հասցնել ծանր այրվածքներ՝ ընդհուպ մինչև վնասել մինչև ոսկորն ընկած հյուսվածքները։

Source: https://news.am/hy/news/1052105