Նախագծի մեկնարկից գրեթե քսան տարի անց, Նորմանդիան, կարծես թե, մոտ է նրան, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտի կարգավիճակ ստանալու նրա հայտը պսակվի հաջողությամբ: ՄԱԿ-ի կառույցը պետք է հայտարարի իր որոշումը հուլիսի 24-ից 27-ը Պուսանում (Կորեայի Հանրապետություն) Համաշխարհային ժառանգության կոմիտեի 48-րդ նստաշրջանում, հաղորդում է Euronews-ը:

Եթե հայտը հաստատվի, Նորմանդիայի ափհանման լողափերը կհայտնվեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում արդեն ընդգրկված ֆրանսիական 54 հաստատությունների կողքին, ներառյալ Մոն Սեն Միշելը, Վերսալի պալատը և Շարտրի տաճարը: Այդ կարգավիճակը տրամադրվում է «բացառիկ համամարդկային արժեք» ունեցող օբյեկտներին և պարտավորեցնում է պետություններին ապահովել դրանց պաշտպանությունը:

Ցանկում ներառումը տարածվելու է 1944 թվականի հունիսի 6-ի դաշնակիցների ափհանման հինգ պատմական լողափերի վրա՝ Յուտա, Օմահա, Գոլդ, Ջունո և Սուորդ, ինչպես նաև մի շարք տեսարժան վայրերի, մասնավորապես՝ Պուանտ դյու Հոկի, Լոնգ սյուր Մերում գտնվող գերմանական մարտկոցի, Արոմանշի արհեստական նավահանգստի, բազմաթիվ ռազմական գերեզմանատների ու հուշահամալիրների վրա:

1944 թվականի հունիսի 6-ին դաշնակիցների ավելի քան 150 հազար զինվորներ, հիմնականում ամերիկացիներ, բրիտանացիներ և կանադացիներ, ափ իջան Նորմանդիայի ափամերձ գոտում՝ պատմության մեջ խոշորագույն ծովային դեսանտային գործողության ընթացքում: Նրանցից ավելի քան 4 հազարը զոհվեցին այդ օրը, որը վճռորոշ դարձավ ֆաշիստական օկուպացիայից Եվրոպայի ազատագրման գործում:

Source: https://news.am/hy/news/1051181