Երկուշաբթի բացվել է Ֆարնբորոյի ավիասրահը: Boeing և Airbus կոնցեռնները ձևակերպել են քաղաքացիական խոշոր օդանավերի առաջին խոշոր պատվերները, իսկ պաշտպանական ընկերությունները ներկայացրել են ավելի էժան որսիչ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր՝ Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտությունների ֆոնին, որոնք խթանում են հակաօդային պաշտպանության միջոցների պահանջարկը, հայտնում է Reuters-ը:
Ընթացիկ աշխարհաքաղաքական հակամարտությունները Ֆարնբորոյի ավիասրահում քննարկումներ են թելադրում: Ավիատիեզերական և պաշտպանական ոլորտի աշխարհի խոշորագույն միջոցառումներից մեկը հավաքել է հարյուրավոր ընկերություններ քաղաքացիական ավիացիայի, շարժիչաշինության և ռազմական տեխնոլոգիաների բնագավառներից՝ անօդաչու կործանիչներից ու հիպերձայնային հրթիռներից մինչև հետախուզական արբանյակներ և արհեստական բանականությամբ սպառազինության համակարգեր:
«Մենք ապրում ենք համաշխարհային աշխարհաքաղաքական անկայունության դարաշրջանում»,- հայտարարել է Farnborough International Airshow-ի գլխավոր տնօրեն Գարեթ Ռոջերսը՝ միաժամանակ հավելելով, որ շուկայի մասնակիցները պահպանում են լավատեսությունը:- «Իմ կարծիքով՝ քաղաքացիական հատվածում պատվերների շարունակական բում է նկատվում: Թե որոնք կլինեն վերջնական թվերը, առայժմ դժվար է ասել»:
Առևտրային հատվածի խոշոր գործարքների թվում առանձնանում են իռլանդական լիզինգային SMBC Aviation Capital ընկերության պատվերը՝ 100 միավոր Boeing 737 MAX ինքնաթիռների վերաբերյալ, և Riyadh Air ավիաընկերության կողմից Airbus A350-1000 վեց խոշոր օդանավերի գնումը: Բացի դրանից, Boeing-ը պատվերներ է ստացել Philippine Airlines-ից՝ 15 միավոր 787-10 Dreamliner ինքնաթիռների, և նույն Riyadh Air-ից՝ ևս 28 միավոր 787 սերիայի մեքենաների համար: Ավիաընկերություններն ու լիզինգատուները միաժամանակ հայտարարել են խոշոր պայմանագրերի մասին՝ Airbus-ի և Boeing-ի ապագա նավատորմերի համար շարժիչների մատակարարման վերաբերյալ: Աղբյուրների տվյալներով՝ ակնկալվում է, որ SMBC-ն պատվեր կտեղադրի նաև շուրջ 100 նեղֆյուզելաժային Airbus ինքնաթիռների համար:
Ընթացիկ պայմանագրերի քննարկումից բացի, ինքնաթիռների և շարժիչների արտադրողները վիճում են առաջիկա տասնամյակի հիմնական հարցերից մեկի շուրջ. ե՞րբ և ինչպե՞ս պետք է փոխարինվեն շուկայի բեսթսելերները՝ Boeing 737 և Airbus A320neo ընտանիքները:
Երկուշաբթի առաջատար ավիաընկերությունների ղեկավարները Boeing-ին և Airbus-ին կոչ են արել չշտապել առևտրային խոշոր օդանավերի նոր սերնդի թողարկման հարցում, քանի դեռ կիրառվող տեխնոլոգիաները չեն դարձել առավելագույնս հուսալի և փորձարկված:
Կենտրոնացումը ՀՕՊ-ի վրա՝ համաշխարհային հակամարտությունների ֆոնին
Պաշտպանական ձեռնարկությունները կազմել են այս տարվա ցուցահանդեսի ռեկորդային 1600 մասնակիցների կեսը: Դա արտացոլում է շեղումը միջոցառման պատմականորեն քաղաքացիական պրոֆիլից, որը հիմնադրվել էր 1948 թվականին՝ բրիտանական ավիատիեզերական նվաճումները ցուցադրելու համար:
Այդ ձևափոխումն ակնառու կերպով ցույց է տալիս, թե ինչպես են Ուկրաինայից մինչև Մերձավոր Արևելք ռազմական գործողությունները փոխել ծախսերի առաջնահերթությունները և կտրուկ մեծացրել նոր պաշտպանական տեխնոլոգիաների պահանջարկը:
Lockheed Martin ընկերությունը երկուշաբթի հայտարարել է Patriot համալիրի համար ավելի էժան որսիչ հրթիռի ստեղծման մասին: Դա պայմանավորված է նրանով, որ ռազմական գերատեսչությունները փնտրում են անօդաչուներին և հրթիռներին հակազդելու առավել տնտեսող միջոցներ, իսկ ավանդական պաշտպանական կապալառուները բախվում են զանգվածային արտադրության համար նախատեսված ոչ թանկարժեք զենքեր թողարկող ստարտափների ներկայացրախ մրցակցությանը:
Հրթիռային համակարգերի եվրոպական արտադրող MBDA-ն ևս հայտարարել է նոր որսիչի մշակման մասին՝ մեծ քանակությամբ էժան խոցման միջոցների, ներառյալ՝ անօդաչու թռչող սարքերի հարձակումները հետ մղելու համար:
Source: https://news.am/hy/news/1050778