Դրոնների զանգվածային կիրառման պայմաններում ավանդական հակազդման միջոցների հնարավորություններն արդեն բավարար չեն։ Այդ պատճառով Picket Defense Systems ընկերությունը ներկայացրել է 54 փողանոց գնդաձև պտտվող Inferno RTC կայանքը, որը նախատեսված է տարբեր ուղղություններից իրականացվող դրոնների զանգվածային հարձակումները հետ մղելու համար։

Inferno RTC-ի փողերը անշարժ տեղադրված են տարբեր անկյուններով՝ գնդաձև կորպուսի ամբողջ պարագծով, հաղորդում է «Техкульт»-ը։ Մեկ զենքը թիրախին նշանառելու փոխարեն համակարգը ավտոմատ կերպով ընտրում է դրան ամենամոտ փողը, ինչը, ստեղծողների վկայությամբ, վերացնում է սովորական հեռակառավարվող մարտական մոդուլներին բնորոշ ուշացումների մեծ մասը։

Կայանքը ԱԹՍ-ները հայտնաբերում է պասիվ սենսորային համալիրի օգնությամբ, որը համատեղում է եռաչափ միկրոֆոնային ցանցը մի քանի օպտիկական տեսախցիկների հետ՝ դրոնները հայտնաբերելու և ուղեկցելու համար։

Inferno RTC-ն արտադրվում է երկու տարբերակով՝ թեթև 36 փողանի՝ մոտ 20 կգ զանգվածով, և ծանր 54 փողանի՝ մոտ 40 կգ զանգվածով։ Թեթև տարբերակը աջակցում է 5,56 մմ տրամաչափի զինամթերք, .410 փամփուշտներ և 20-րդ տրամաչափի փամփուշտներ, իսկ ծանրը՝ 12-րդ տրամաչափի փամփուշտներ և 40 մմ ցածր արագության զինամթերք։ Հեղինակների տվյալներով, երկու համակարգերն էլ ունակ են հայտնաբերել և խոցել թիրախներ մինչև 120 մ հեռավորության վրա։

Source: https://news.am/hy/news/1051752