Kia-ն մինչև 2026 թվականի վերջը կդադարեցնի ներկայացուցչական K9 / K900 սեդանի արտադրությունը։
Hyundai-Kia-ի մոդելային հիերարխիայում K9-ին միշտ վերապահված է եղել երկրորդական դեր՝ նույն դասի և նույն հարթակի վրա կառուցված Genesis G90-ի նկատմամբ, տեղեկացնում է Drom.ru-ն։ Փոխարենը Kia K9-ն առաջարկվում էր ավելի գրավիչ գնով։
Թեև Kia K9-ը սրահի հարդարման որակով, մոդիֆիկացիաների շարքով և հագեցվածությամբ զիջում էր Genesis G90-ին, այն միշտ առաջարկվել է Genesis G90-ի բոլոր ուժային ագրեգատներով, ներառյալ 5,0-լիտրանոց V8 տարբերակը։ Ներկայիս սերնդում մոդելը հասանելի էր նույնիսկ լիաքարշակ փոխանցման համակարգով։
K9-ի վաճառքների աշխարհագրությունը հանրաճանաչության գագաթնակետին ընդգրկում էր Հարավային Կորեան, ԱՄՆ-ն ու Կանադան, Ռուսաստանը, ԱՄԷ-ն և Լատինական Ամերիկայի որոշ երկրներ։ Վերջին մի քանի տարիներին Kia K9-ը մնացել էր միայն Հարավային Կորեայի ներքին շուկայի համար նախատեսված մոդել։
K9-ի արտադրական ծրագրի փակման մեջ մեծ անակնկալ չկա. մեծ սեդանների պահանջարկը կտրուկ ընկել է, այդպիսին է շուկայի կոնյունկտուրան։ Կորեայում 2025 թվականին վաճառվել է ընդամենը 1581 K9, իսկ 2026-ի առաջին կիսամյակում՝ 734։
Kia K9-ի հաշվին մնացել է մեկ ոչ այնքան նշանակալի, բայց ուշագրավ ձեռքբերում. ինչպես Genesis G90-ի դեպքում, Kia K9-ի վրա երբեք չեն տեղադրել վեց մխոցից պակաս շարժիչներ։
Source: https://news.am/hy/news/1051754