Դանիայի իշխանությունները զբոսաշրջիկներին խորհուրդ են տվել հանգստի ընթացքում գայլի հանդիպելիս պահպանել անշարժություն, հայացքը չհեռացնել և «առավելագույն դիմադրություն» ցույց տալ հարձակման դեպքում, գրում է Guardian-ը:
200-ամյա բացակայությունից հետո գայլերը սկսել են վերադառնալ Դանիա 2012 թվականին: Առկա գնահատականներով՝ այժմ դանիական Յուտլանդիա թերակղզում ապրում է մոտ 49 առանձնյակ:
Ընդհանուր առմամբ, դեպքերը, երբ գայլերը մոտենում են մարդկանց, ծայրահեղ հազվադեպ են, սակայն այս տարի ավելի վաղ հայտնի Օքսբյոլ զբոսաշրջային կենտրոնի շրջանում նկատվել են երիտասարդ առանձնյակներ, որոնք մոտեցել են մարդկանց:
Վարդե մունիցիպալիտետը և Visit Vesterhavet կազմակերպությունը կառավարության հանձնարարականներով դանիերեն, անգլերեն և գերմաներեն լեզուներով տեղեկատվական թերթոններ են տարածել ամառանոցներում, քեմփինգներում և զբոսաշրջային գրասենյակներում:
Զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվում գայլ տեսնելիս հանգստություն և անշարժություն պահպանել, պահել աչքերի շփումը, լուսանկարել կենդանուն, իսկ եթե նա ինքնուրույն չի հեռանում՝ գոռալ, ծափ տալ և թափահարել ձեռքերը: Արգելվում է հետապնդել մոտեցող գայլին կամ թիկունքով շրջվել դեպի նա: Գլխավոր խորհուրդն է՝ «նայել ուղիղ նրա աչքերին»՝ «գերիշխանություն ցուցադրելու համար»:
Թեև Դանիայում մարդկանց վրա գայլերի հարձակման ոչ մի դեպք չի արձանագրվել, հարձակման դեպքում զբոսաշրջիկներին հորդորում են. «Դուք պետք է առավելագույն դիմադրություն ցույց տաք. հարվածեք, ոտքով խփեք և օգտագործեք ցանկացած բութ զենք»:
Կառավարական հրահանգը սահմանում է նաև, որ մինչև 10 տարեկան երեխաները Օքսբյոլի շրջանում պետք է լինեն միայն չափահասների ուղեկցությամբ:
Գայլերը պատմականորեն բնակվել են Դանիայի տարածքում. երկրում գտնված գայլի ամենահին ոսկորների տարիքը կազմում է 13 հազար տարի: Սակայն այն բանից հետո, երբ վերջին գայլը սպանվեց 1813 թվականին, նրանց վերադարձը սկսվեց միայն վերջին երկու տասնամյակների ընթացքում:
Գիշատիչների հայտնվելը հասարակության մեջ հակասական արձագանք է առաջացրել՝ հաճախ մարդկանց բաժանելով ըստ քաղաքական նախասիրությունների: Ապրիլին երկու շաբաթվա ընթացքում գայլերը երկու պոնի էին հոշոտել: Դրանից կարճ ժամանակ անց ծայրահեղ աջ «Դանիայի ժողովրդական կուսակցության» չորս պատգամավորների դեմ ոստիկանությունում դիմում էին ներկայացրել Facebook-ում «Կրակե՛ք գայլի վրա» կոչով հրապարակման համար:
Ներկայում գայլերը Եվրոպական Միության օրենսդրության պաշտպանության տակ են:
Source: https://news.am/hy/news/1051026