Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով վերջին 3 օրերին շտապօգնության ծառայությունը 20-ից ավելի նոր կանչ է ստացել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այդ մասին ասաց Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայի տնօրեն Արմեն Վարդումյանը։

«Վերջին 2 օրերին 4 հոսպիտալացում է եղել»,- նշեց տնօրենը։

Ընդհանուր առմամբ, բուժօգնության դիմածների թիվը 6 տասնյակից ավելի է։

Հիշեցնենք՝ հուլիսի 17-ին ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնեց, որ Բյուրեղավան խոշորացված համայնքում աղիքային վարակի դեպքեր են գրանցվել։

Շտապօգնության ծառայությունը ստացել էր 15 կանչ, որից 6-ն ավարտվել էին հոսպիտալացումով:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ավելի քան 30 կանչ է գրանցվել։ ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) 3 բրիգադներ ջրի նմուշառումներ են կատարել Բյուրեղավանում, Նուռնուսում և Արզնիում։

Բյուրեղավանի բնակիչները երեկ նաև բողոքի ակցիա էին կազմակերպել՝ բողոքելով ոչ միայն ջրի որակից, այլև ջրամատակարարման գրաֆիկի խախտումներից։

Source: https://news.am/hy/news/1050677