Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն երեքշաբթի օրը Օվալաձև կաբինետում կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ. սա արդեն ութերորդ հանդիպումը կլինի նախագահի Սպիտակ տուն վերադառնալուց ի վեր, գրում է Axios-ը։
Ինչպես նշում է պարբերականը, սակայն այս անգամ Իսրայելի վարչապետը Վաշինգտոն է ժամանում ավելի թույլ դիրքերում և ավելի փոքր ազդեցությամբ, քան նախորդ յոթ այցելությունների ժամանակ։
«Փետրվարի 28-ին Թրամփն ու Նեթանյահուն միասին մտան պատերազմի մեջ, և այն ժամանակ թվում էր, թե նրանց միջև որևէ տարաձայնություն չկա։ Բայց ուղիղ հինգ ամիս անց նրանց շահերը տարբերվեցին առավել քան երբևէ, իսկ փոխադարձ անվստահությունը, գրգռվածությունն ու լարվածությունը մեծացան, քանի որ երկուսն էլ սկսեցին ավելի ու ավելի շատ կասկածի տակ դնել միմյանց մտադրությունները։
Նեթանյահուի այցը տեղի է ունենում այն բանից մի քանի օր անց, երբ Թրամփը դադարեցրել էր Իրանի դեմ ամերիկյան հարվածներն ու հայտարարել, որ իր ներկայացուցիչները կրկին փորձում են բանակցել իրանական վարչակարգի հետ», — նշվում է հոդվածում։
Ինչպես ընդգծում է Axios-ը, անցյալ ուրբաթ Նեթանյահուն բազմաժամյա նիստեր է անցկացրել իր կաբինետի անդամների հետ պատերազմի հարցով՝ ընդ որում գործնականում գաղափար չունենալով Թրամփի ծրագրերի և մտադրությունների մասին։
«Կոորդինացման բացակայության պատճառով Նեթանյահուն և Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) սկսել են պատրաստվել ամենակոշտ սցենարին՝ ԱՄՆ-ի լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսմանը։ Միայն ուշ երեկոյան ուրբաթ օրը Իսրայելն իմացել է, որ Թրամփը որոշել է առայժմ չվերսկսել հարվածները», — գրում է պարբերականը։
Թրամփը Axios-ին հայտնել է, որ բանակցությունների ձախողման դեպքում, նախկինի պես դիտարկում է լայնածավալ ռազմական արշավի վերսկսման հնարավորությունը։ Նման սցենարը, հավանաբար, կներառի ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ ռազմական գործողություն, որը նման կլինի պատերազմի սկզբին իրականացված «Էպիկական ցասում» գործողությանը։
Լրատվամիջոցների կարծիքով՝ Նեթանյահուի հետ հանդիպումը կարող է մեծ նշանակություն ունենալ, քանի որ Թրամփն այժմ գնահատում է իր հետագա քայլերը, ներառյալ երկու երկրների գործողությունների հնարավոր համակարգումը։
Սակայն Իսրայելի վարչապետը հիանալի հասկանում է, որ արդեն ձևավորվել է կարծիք, թե հենց ինքն է ներքաշել Թրամփին այս պատերազմի մեջ։ Նույնիսկ եթե այս ընկալումն այլևս անհնար է փոխել, նա չի ցանկանում կրկին դառնալ այն մարդը, ով ԱՄՆ նախագահին մղում է նոր ռազմական հակամարտության։
«Պատերազմի առաջին ամիսներին Թրամփն ու Նեթանյահուն զրուցում էին գրեթե ամեն օր՝ համակարգելով իրենց գործողություններն ու մտքերը։ Սակայն վերջին շաբաթներին նրանց հեռախոսազրույցներն ավելի ու ավելի հազվադեպ են դարձել։
Աղբյուրների փոխանցմամբ՝ Նեթանյահուն ավելի ու ավելի հաճախ էր դիմում պետքարտուղար Մարկո Ռուբիոյին՝ հասկանալու համար, թե ինչ է մտածում Թրամփը։
Նեթանյահուն նույնիսկ դժվարությամբ կարողացավ հասնել երեքշաբթի օրվա հանդիպմանը։ Նա ցանկանում էր Սպիտակ տուն այցելել դեռևս անցյալ շաբաթ, սակայն չկարողացավ լսարան ստանալ», — ընդգծվում է հոդվածում։
Ապրիլի 8-ի հրադադարից հետո, ինչպես նշում է պարբերականը, ռազմական քաղաքականության և Թրամփի որոշումների վրա Նեթանյահուի ազդեցությունը աստիճանաբար թուլանում էր։
Չնայած Նեթանյահուի թերահավատությանը՝ հունիսի կեսերին Թրամփը փոխհասկացվածության հուշագիր ստորագրեց Իրանի հետ։ Ամերիկյան և իսրայելական պաշտոնյաների խոսքով՝ իսրայելական վարչապետը փորձել էր համոզել Թրամփին շարունակել ռազմական գործողությունները՝ իրանական վարչակազմի ռազմական ներուժը ստորադասելու համար, սակայն չէր կարողացել դա անել։
Համաձայնագրի ստորագրումից հետո Նեթանյահուն հրապարակայնորեն չքննադատեց այն՝ հույս ունենալով, որ այն ինքն իրեն կփլուզվի։ Հենց դա էլ տեղի ունեցավ մի քանի շաբաթ անց։
Երկուշաբթի օրը Թրամփը խոստովանել է, որ իր և Նեթանյահուի միջև որոշակի տարաձայնություններ կան իրանական հարցի շուրջ։
«Մենք ունենք փոքր տարաձայնություններ, բայց ընդհանուր առմամբ մեր դիրքորոշումները շատ մոտ են», — լրագրողներին նախագահական ինքնաթիռում հայտարարել է Թրամփը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք համընկնում են պատերազմի վերաբերյալ նրանց հայացքները։
Պարբերականը նաև հիշեցնում է, որ երկու շաբաթ առաջ Նեթանյահուն չէր կարողացել համոզել Թրամփին հրաժարվել Թուրքիային F-35 կործանիչների վաճառքի գործարքից։
«Ոչ ոք չի կարող ասել ինձ, թե ինչ պետք է վաճառենք, իսկ ինչ՝ ոչ, — երկուշաբթի օրը հայտարարել է Թրամփը՝ մեկնաբանելով Նեթանյահուի առարկությունները։ — Թուրքիան ինձ համար հիանալի դաշնակից է եղել։ Թուրքիան այնքան էլ չի սիրում Իսրայելին... և այնքան էլ չի սիրում Բիբիին»։
Ըստ լրատվամիջոցների տվյալների՝ Նեթանյահուն նաև անակնկալի էր եկել միջուկային ծրագրի շուրջ այն համաձայնագրից, որը Թրամփի վարչակազմը ստորագրել էր Սաուդյան Արաբիայի հետ անցյալ շաբաթ։
Նեթանյահուի խորհրդականի խոսքով՝ վարչապետը հիասթափված էր՝ իմանալով, որ համաձայնագրի տեքստում բացակայում է Սաուդյան Արաբիայի կողմից Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման պահանջը՝ մի դրույթ, որի ներառմանն Իսրայելը վաղուց էր հետամուտ լինում։
«Անցյալ շաբաթ Թրամփը հայտարարել էր, որ միջուկային համաձայնագրի իրագործումն իրոք կախված է լինելու Սաուդյան Արաբիայի՝ Աբրահամյան համաձայնագրերին միանալուց և Իսրայելի հետ խաղաղության պայմանագիր կնքելուց։ Սակայն երկուշաբթի օրը նախագահը խոստովանել է, որ սաուդյան ղեկավարների հետ ընդհանրապես չի քննարկել այդ հարցը։
Իրավիճակին անմիջապես ծանոթ աղբյուրի փոխանցմամբ՝ համաձայնագիրը պետք է ուղարկվի Կոնգրես արդեն այս շաբաթ, սակայն առանց սաուդա-իսրայելական կարգավորման որևէ դրույթի։
Ներկայում Նեթանյահուն Վաշինգտոնում բացարձակապես չի վայելում որևէ հեղինակություն կամ աջակցություն՝ թե՛ դեմոկրատների, թե՛ Թրամփի մերձավոր շրջապատի և MAGA շարժման կողմնակիցների շրջանում։
Հրապարակայնորեն Թրամփը շարունակում է պնդել, որ իր հարաբերությունները Նեթանյահուի հետ մնում են շատ լավ մակարդակում։ Սակայն մասնավոր զրույցներում նախագահը չի թաքցնում իսրայելական առաջնորդի հանդեպ իր նյարդայնացվածությունը», — ասվում է հոդվածում։
Հոդվածի հեղինակի կարծիքով՝ Թրամփի մերձավոր շրջապատի շատ բարձրաստիճան ներկայացուցիչներ այժմ Նեթանյահուին վերաբերվում են արհամարհանքով՝ գտնլով, որ նա գրեթե միշտ սխալ է եղել պատերազմի վերաբերյալ բոլոր հարցերում։
Մի շարք ամերիկացի պաշտոնյաներ, այդ թվում՝ Ջեյ Դի Վենսը, Նեթանյահուին մեղադրել են նրանում, որ նա տալիս էր չափազանց լավատեսական կանխատեսումներ, որոնք հետագայում այդպես էլ չեն արդարացել։
«Նա կգա, կտա իր խոստումները, իսկ հետո մենք ստիպված կլինենք ամեն ինչ մանրակրկիտ ստուգել», — ասել է բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյաներից մեկը։
«Արդեն ոչ մի անգամ չէր եղել այնպես, որ Նեթանյահուն գար Թրամփի հետ հանդիպման՝ վախենալով անբարենպաստ ելքից, իսկ հեռանար՝ հասնելով ցանկալիին և համոզելով Թրամփին իր դիրքորոշմանն ավելի մոտ դիրք զբաղեցնել։
Երեք ամիս անց Նեթանյահուին սպասվում են ընտրություններ, որոնք վճռորոշ նշանակություն կունենան ոչ միայն նրա քաղաքական ապագայի, այլև անձնական ազատության համար։
Նա կցանկանար ստանալ Թրամփի հրապարակային աջակցությունը, սակայն նախագահը դեռևս դա չի արել։ Վերջին շաբաթներին լրագրողները չորս անգամ հարցրել են Թրամփին՝ արդյոք նա սատարում է Նեթանյահուին, բայց ամեն անգամ նախագահը խուսափել է ուղղակի պատասխանից։
Նա Նեթանյահուին անվանել է «պատերազմական ժամանակների մեծ վարչապետ», սակայն ամեն անգամ այդ մասին խոսել է անցյալ ժամանակով։
Առայժմ ենթադրվում է, որ Թրամփի և Նեթանյահուի հանդիպումը տեղի կունենա փակ ձևաչափով՝ առանց մամուլի ներկայության։ Բայց եթե նախագահն այնուամենայնիվ որոշի վարչապետի հետ դուրս գալ լրագրողների մոտ, ապա Նեթանյահուն կարող է ստանալ բանակցությունների հաջողությունը խորհրդանշող տպավորիչ համատեղ լուսանկար, կամ էլ հայտնվել այնպիսի իրավիճակում, որը հիշեցնում է Վլադիմիր Զելենսկու ժամանակին ստացած հրապարակային կոշտ նկատողությունը», — ընդգծում է լրատվամիջոցը։
Source: https://news.am/hy/news/1052100