Երկրի կարևորագույն օվկիանոսային հոսանքներից մեկի դանդաղումը կարող է փոխել Ատլանտյան օվկիանոսի սահմաններից շատ հեռու գտնվող տարածքների եղանակը։ Օվկիանոսային հոսանքների թուլացումը կարող է ուժեղացնել Կալիֆոռնիային հարվածող փոթորիկները և նվազեցնել ձյան տեղումների քանակը, որոնք օգնում են պահպանել Գրենլանդիայի հսկայական սառցե ծածկույթի ամբողջականությունը։

Նոր հետազոտությունը ցույց է տալիս, թե ինչպես են Ատլանտյան միջօրեականական շրջադարձային շրջանառության (AMOC) փոփոխությունները տարածվում մթնոլորտով՝ հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա փոխելով փոթորիկների հետագծերը։ Հետազոտության արդյունքներն անսպասելի կապ են բացահայտել օվկիանոսային հոսանքի թուլացման և աշխարհում ջրի ու սառույցի երկու կարևորագույն աղբյուրների միջև։ Հետազոտությունն անցկացվել է Ռիվերսայդում Կալիֆոռնիայի համալսարանի (UCR) գիտնականների ղեկավարությամբ։ Հետազոտության արդյունքները հրապարակված են Nature Communications ամսագրում։

«Քաջ հայտնի է, որ Ատլանտյան միջօրեական շրջադարձային շրջանառությունը (AMOC) առանցքային դեր է խաղում համաշխարհային կլիմայական համակարգում, և դրա ընթացքը դանդաղում է», — նշել է Ռիվերսայդի Կալիֆոռնիայի համալսարանից հետազոտող Մոհիմա Միմին։ «Սակայն մենք հստակ չգիտեինք, թե AMOC-ն ինչպես կարող է Ատլանտյան տարածաշրջանի սահմաններից դուրս ազդել մթնոլորտի խոնավության ու փոթորիկների վրա»։ Հետազոտողները պարզել են, որ AMOC-ի թուլացումը փոթորիկների ուժգնացման կհանգեցնի Հյուսիսային Ամերիկայի որոշ հատվածներում, հատկապես Կալիֆոռնիայի ափամերձ շրջաններում։ Միևնույն ժամանակ կանխատեսվում է, որ մինչև դարավերջ դա կնվազեցնի Գրենլանդիայում և Արկտիկայում տիրող փոթորկային ակտիվությունը։ Այս երևույթն առաջին հայացքից հակասում է առողջ տրամաբանությանը․ Ատլանտյան օվկիանոսի հոսանքներից մեկը դանդաղում է, սակայն արդյունքում Կալիֆոռնիայի խաղաղօվկիանոսյան ափին ավելի ուժգին փոթորիկներ են հարվածում, իսկ Գրենլանդիայում եղանակն ավելի հանգիստ է դառնում։

Այս կապն անցնում է մթնոլորտով, այլ ոչ միայն օվկիանոսով, և հենց դա է պատճառը, որ ոչ ոք նախկինում չի կարողացել հստակ մատնանշել այն։ Ատլանտյան միջօրեական շրջադարձային շրջանառության (AMOC) թուլացմանը համընթաց օվկիանոսի ջերմաստիճանը փոխվում է այնպես, որ դա ազդում է մթնոլորտի պահպանած խոնավության քանակի վրա, հայտնում է Planet Today-ը։ Սա, իր հերթին, ուժեղացնում է բարձրլեռնային քամիները, որոնք ուղղորդում են Հյուսիսային կիսագնդով ընթացող փոթորկային համակարգերը։ Քամու ուժեղացումը նշանակում է, որ փոթորիկները կարող են ավելի շատ խոնավություն բերել դեպի արևմտյան ափ։ Այս խոնավությունը համալրում է այն, ինչն օդերևութաբաններն անվանում են մթնոլորտային գետեր (կենտրոնացված ջրային գոլորշու երկար հոսքեր, որոնք հոսում են արևադարձերից դեպի ավելի բարձր լայնություններ)։

«Կալիֆոռնիայում մթնոլորտային գետերը երկսայր սուր են, — ասել է Միմին։ — Դրանք ապահովում են նահանգի ջրի մեծ մասը, սակայն իրենց ուժի ավելացմանը համընթաց կարող են հանգեցնել նաև լայնամասշտաբ ավերածությունների»։ Սրանք հենց այն փոթորիկներն են, որոնք լցնում են ջրամբարները և դուրս բերում նահանգը երաշտից։ Խնդիրն այն է, որ դրանց ուժեղացմանը համընթաց «ցանկալի անձրևի» և «աղետալի ջրհեղեղի»միջև սահմանն ավելի ու ավելի է բարակում։ Կալիֆոռնիան միակ վայրը չէ, որին հարվածում է այս խնդիրը։ Հետազոտողների անցկացրած մոդելավորումը ցույց է տալիս նաև Հարավային Ամերիկայի արևելյան ափի երկայնքով և Անտարկտիդայի շուրջ ավելի մեծ քանակությամբ մթնոլորտային գետերի ձևավորում։

Գիտնականներն արդեն իսկ արձանագրել են Ատլանտյան միջօրեականական շրջադարձային շրջանառության (AMOC) դանդաղումը, քանի որ մարդու գործունեությամբ պայմանավորված տաքացումը հանգեցնում է մոլորակի ջերմաստիճանի բարձրացմանը։ Կլիմայական մոդելները հուշում են, որ այս միտումը կպահպանվի, եթե ջերմոցային գազերի արտանետումները մնան բարձր մակարդակի վրա։ Այդ արտանետումները հիմնականում կապված են ածխի, նավթի և բնական գազի այրման, ինչպես նաև խոշոր եղջերավոր անասունների ու այլ կենդանիների արտադրած մեթանի, անտառահատումների, արդյունաբերական գործունեության և աղբավայրերի թափոնների հետ։

Հետազոտության առաջատար հեղինակ Վեյ Լյուն հայտարարել է, որ այս աղբյուրներից արտանետումների նվազեցումը կարող է թուլացնել Ատլանտյան միջօրեականական շրջադարձային շրջանառության (AMOC) վրա գործադրվող ճնշումը և մեղմել հետազոտությամբ կանխատեսվող փոթորիկների ուժգնացումը։ Այս ամենում կա նաև մի փոքր լավ նորություն, եթե մարդիկ պատրաստ լինեն դրան։ Մթնոլորտային գետերի ուժեղացումն իսկապես մեծացնում է ջրհեղեղների ռիսկը և սպառնում ենթակառուցվածքներին։ Սակայն դրանք նաև ավելի շատ ջուր են բերում, և այդ լրացուցիչ ջուրը նոր հնարավորություններ է տալիս մարդկանց։ Ընդլայնելով ջրամբարների տարողությունը և բարելավելով կանխատեսումները՝ նրանք կարող են հավաքել այդ հեղուկը։ Կալիֆոռնիայի նահանգի համար սա փոքր դետալ չէ, չէ՞ որ նա ժամանակի կեսը ծախսում է երաշտի դեմ պայքարի, իսկ մյուս կեսը՝ ջրհեղեղներին պատրաստվելու վրա։ Թե արդյոք այս ավելի ուժեղ փոթորիկները ի վերջո կլինեն օրհնություն, թե աղետ, հավանաբար կախված կլինի նրանից, թե որքան լուրջ կընդունվեն ենթակառուցվածքներում իրականացվող ներդրումները։

Եթե նայենք իրավիճակին ամբողջությամբ, ապա իսկական պատմությունն այստեղ որևէ կոնկրետ փոթորկի կամ ափամերձ շրջանի մասին չէ։ Խոսքն այն մասին է, թե որքան սերտորեն է փոխկապակցված մոլորակի կլիմայական համակարգը։ Ատլանտյան օվկիանոսի մեկ հոսանքի դանդաղումը հանգեցնում է տեղումների բնույթի փոփոխության մի քանի մայրցամաքներում, ինչն ազդում է ջրային ռեսուրսների, էկոհամակարգերի և ամբողջ համայնքների վրա։ «Այս հետազոտությունը ցույց է տալիս, որ Ատլանտյան միջօրեական շրջադարձային շրջանառության (AMOC) ազդեցությունը տարածվում է Ատլանտյան օվկիանոսի սահմաններից շատ ավելի հեռու», — ասել է Միմին։ «Այս փոխկապակցվածությունների ըմբռնումը կօգնի մեզ ավելի լավ պատրաստվել ջրային ռեսուրսների ապագա փոփոխություններին և ծայրահեղ եղանակային երևույթներին»։

Source: https://news.am/hy/news/1051939