Կանարյան կղզիներից արևմուտք՝ Ատլանտյան օվկիանոսի վրա, երկու ուղևորատար ինքնաթիռ հայտնվել են հանդիպակաց ուղղություններով նույն բարձրության վրա, հայտնում է Bild-ը։ Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 10-ին, սակայն դրա մասին հայտնի է դարձել միայն հիմա․ Iberia ավիաընկերության Airbus A321-ը թռչում էր բրազիլական Ռեսիֆեից դեպի Մադրիդ, իսկ Air Europa ավիաընկերության Boeing 787-ը՝ Մադրիդից դեպի Սան Պաուլու։ Երկուսն էլ գտնվել են մոտ 11 հազար մետր բարձրության վրա։
Ինչ-որ պահի օդաչուների խցիկներում գործարկվել է TCAS բախման նախազգուշացման համակարգը։ Այն Iberia-ի անձնակազմին հրահանգել է իջնել, իսկ Air Europa-ի օդաչուներին՝ բարձրություն հավաքել։ Airbus-ը իջել է մոտ 150 մետրով, Boeing-ը բարձրացել է մոտ 120 մետրով, ինչից հետո բախման վտանգը վերացել է։ Երկու ինքնաթիռներն էլ շարունակել են թռիչքը և սովորական կարգով վայրէջք կատարել Մադրիդում և Սան Պաուլուում։
Իսպանիայի CIAIAC հանձնաժողովը հետաքննություն է սկսել։ Այն պետք է պարզի, թե ինչպես կարող էին երկու օդանավ միաժամանակ հայտնվել նույն օդային երթուղու վրա, նույն բարձրության վրա և հանդիպակաց ուղղություններով։
Source: https://news.am/hy/news/1050614