Իրանի կառավարությունը հազիվ թե էական ազդեցություն զգա կամ մեղմացնի իր դիրքորոշումը բանակցություններում ամերիկյան ռազմական հարվածների նոր ալիքների հետևանքով, ինչպիսիք հասցվում են այժմ: Նման եզրահանգմանն է եկել ամերիկյան հետախուզությունն իր նոր վերլուծական փաստաթղթում, գրում է Washington Post-ը:

ԱՄՆ հատուկ ծառայությունների վերլուծաբանները եզրակացրել են նաև, որ Թեհրանն ու Վաշինգտոնն այս պահին խրվել են խաղաղության և պատերազմի միջև անորոշության վիճակում. սա փոխադարձ հարվածների աճող մահաբերության ֆոնին ծայրահեղ անկայուն դինամիկա է:

Վարչակազմին ներկայացված հետախուզության եզրակացություններն ընդգծում են այն երկընտրանքը, որին բախվել է նախագահ Դոնալդ Թրամփը պատերազմում, որն ինքը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն սկսել էին փետրվարի վերջին:

Թրամփի ընթացիկ քաղաքականությունը՝ ուղղված հարձակումների մասշտաբների մշտական ընդլայնմանը, հանգեցնում է փակուղային իրավիճակի: Սակայն ԱՄՆ ներսում պատերազմի ծայրահեղ ոչ ժողովրդականության հետնապատկերին լարվածության հետագա սրումը, օրինակ՝ ցամաքային զորքերի հնարավոր մուտքը, նախագահի համար հղի է լուրջ քաղաքական ռիսկերով՝ առանց ռազմական հաջողության որևէ երաշխիքի:

...Մերձավորարևելյան հակամարտության մեկ այլ ճակատում Իրանի աջակցությունը վայելող եմենյան հութիների խմբավորումը հայտարարել է Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակում մտցնելու մտադրության մասին՝ սպառնալով նավագնացությանը Բաբ էլ-Մանդեբի նեղուցում՝ Արաբական թերակղզու և դեպի Սուեզի ջրանցք տանող Աֆրիկայի միջև գտնվող առանցքային երթուղում:

Մեծ պատերազմի ծավալման սպառնալիքի ֆոնին Իրանն ու ԱՄՆ-ը նոր բանակցությունների պատրաստակամության ազդանշաններ են տվել, թեև իրական առաջընթացի մասին չի հաղորդվել:

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային Թեհրանում անցկացված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Վաշինգտոնից ազդանշանները ստացվում են Կատարում գտնվող միջնորդների միջոցով.

«Առանց մանրամասների մեջ մտնելու՝ հաստատում ենք, որ դիվանագիտական ապարատն ակտիվություն է ցուցաբերում, և որոշակի միջնորդների միջոցով մեզ գաղափարներ են փոխանցվում»,- Բաղայիի խոսքերն են մեջբերում իրանական զանգվածային լրատվամիջոցները:

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը բաց է մնում դիվանագիտական լուծման համար, և իրանական ղեկավարության մի մասն աջակցում է այդ մոտեցմանը, սակայն դրան խոչընդոտում են իրանցի «բազեները»:

«Նրանք շարունակում են բանակցելու ցանկության մասին ազդանշաններ ուղարկել, սակայն մենք արձագանքում ենք նրանց գործողություններին: Իսկ նրանց գործողություններն են, ներառյալ՝ այս գիշեր, նավերի ուղղությամբ հրթիռների և դրոնների արձակումը»,- լրագրողներին՝ Ֆիլիպիններ թռչելուց առաջ հայտարարել է Ռուբիոն:

Բանակցությունների նախորդ փուլերում իրանցիներն իրենց դրսևորել են որպես կոշտ բանակցողներ, հատկապես միջուկային ծրագրի հարցով: Իր հերթին, ԱՄՆ վարչակազմը պարբերաբար հայտարարում էր ամերիկյան պահանջների առջև Իրանի «կապիտուլյացիայի» մասին, ինչը Թեհրանը ամեն անգամ հերքում էր:

Կողմերն արդեն հասել էին հրադադարի համաձայնագրի ապրիլին՝ Հորմուզի նեղուցն ապարգելափակելու և վիճելի հարցերը հետաձգելու համար, սակայն գործարքը արագորեն փլուզվեց Պարսից ծոցի նավթի արտահանման այդ առանցքային հանգույցի նկատմամբ վերահսկողության համար պայքարի պատճառով:

Հետախուզության թարմ զեկույցը հիմնականում պատրաստել է ԿՀՎ-ն (CIA): Գերատեսչության վերլուծաբաններն ընդգծում են Թեհրանի ռեժիմի բարձր պաշարունակությունն ու կայունությունը, որը պահպանում է կառավարելիությունը՝ չնայած ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով առանցքային հրամանատարների և ռազմական տեխնիկայի կորստին: Դեռևս մայիսին ԿՀՎ-ն հանգել էր այն եզրակացության, որ Իրանը կկարողանա դիմանալ ԱՄՆ ծովային շրջափակմանը առնվազն 3–4 ամիս, նախքան կբախվի կրիտիկական տնտեսական դժվարությունների:

ԱՄՆ Ազգային հետախուզության սպայի նախկին տեղակալ Մերձավոր Արևելքի հարցերով Ջոնաթան Փանիկոֆը նշել է, որ Թրամփի վարչակազմը, կարծես, հավատում է, թե ռազմական հարվածների ուժեղացումը Թեհրանին կստիպի ավելի զիջող լինել:

«Այդ գնահատականը գրեթե հաստատ սխալ է,- ընդգծում է Փանիկոֆը, որմ այժմ Atlantic Council-ի փորձագետ է:- Իրանի կառավարության գլխավոր առաջնահերթությունը ռեժիմի գոյատևումն է: Նրանք պատրաստ են տանել ամենաուժեղ հարվածները՝ չնայելով տնտեսության և բնակչության համար հասցվող վնասին: Ես ԱՄՆ-ի համար լավ տարբերակներ չեմ տեսնում: Ցամաքային գործողություն Թրամփը հազիվ թե սկսի, այնպես որ մեզ սպասվում է էսկալացիաների, անդորրի և մարտերի նոր բռնկումների շարան»:

Իրանի ղեկավարության ներսում ամերիկյան հետախուզությունն արձանագրում է աճող լարվածություն այսպես կոչված «պրագմատիկների» և արմատական թևի միջև՝ առաջին հերթին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (IRGC), որի ազդեցությունն էապես աճել է:

Հրապարակային հայտարարություններում գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին և իրանցի գլխավոր բանակցող Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆը որպես «թշնամու դեմ պայքարում հաղթանակի անհրաժեշտ պայման» միասնության կոչ են արել ազգին:

Source: https://news.am/hy/news/1051008