Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչն ապրում է Սոչիում՝ կեղծ անվան տակ, իսկ նրա ընտանիքը Ռուսաստանում գտնվելու տարիներին ձեռք է բերել հարյուրավոր հեկտարներով հողատարածքներ ու տասնյակ անշարժ գույքեր։ Այս մասին ասվում է «Տելևիդենիե Տորոնտո»-ի հետաքննության մեջ։ Ըստ հետաքննողների տվյալների՝ Յանուկովիչը հաստատվել է Սոչիի դղյակներից մեկում՝ քաղաքացիական կնոջ՝ Լյուբով Պոլեժայի հետ։ Ենթադրվում է, որ նա օգտագործում է Օլեգ Նիկոլաևիչ Լեոնովի անունով փաստաթղթեր․ հենց այդ անվամբ է նա ուղեկցել Պոլեժային Աբխազիա կատարած ուղևորությունների ընթացքում։ Ընդ որում, ռուսական տվյալների բազաներում Լեոնովի ծննդյան ամսաթիվը լիովին համընկնում է Յանուկովիչի ծննդյան օրվան, իսկ Լեոնովան փախստական քաղաքական գործչի մոր օրիորդական ազգանունն է։ Լրագրողներին չի հաջողվել գտնել որևէ այլ մարդու տվյալներ, որոնք կհամապատասխանեին այս տեղեկություններին։

Ըստ հետաքննության՝ Ռուսաստանում ապրելու տարիներին Յանուկովիչի ազգականները հարյուրավոր հեկտարներով հողամասեր և տասնյակ անշարժ գույքեր են ձեռք բերել, ինչպես նաև միլիոնավոր դոլարներ տեղադրել իրենց բանկային հաշիվներին։ Ընդ որում, նախկին նախագահի որդին՝ Ալեքսանդրը, կնոջ և երկու որդիների հետ ապրում է Սոկոլով ազգանվամբ, իսկ Լյուբով Պոլեժայը վերցրել է իր օրիորդական ազգանունը՝ Սադիկովա։

Յանուկովիչ-ավագի կողակցի սոցցանցերի լուսանկարները համընկնում են Սոչիի Եսաուլենկո փողոցում գտնվող «Բլագոդատ» ապարանքի պատկերների հետ։ Համալիրը զբաղեցնում է մոտ երեք հեկտար տարածք և ներառում է մի քանի տուն, ջերմոցներ, այգի, մատուռ ու ջրավազան։ Դրանից ոչ հեռու Սադիկովայի անունով գրանցված են նաև ընդարձակ հողատարածք և լքված պանսիոնատ։ Հետաքննության տվյալներով՝ Յանուկովիչի և նրա ընտանիքի անվտանգությունն ապահովում են Ուկրաինայի պետական պահպանության վարչության նախկին աշխատակիցները, որոնք երկրից փախչելուց հետո աշխատանքի են անցել Ռուսաստանի դաշնային պահպանության ծառայությունում (ՖՍՕ) և հետախուզման մեջ են Ուկրաինայում։

2015-ից 2025 թվականներին Սադիկովան պաշտոնապես գրանցված է եղել որպես ագրոհամալիրի մենեջեր՝ ամսական մոտ 50 հազար ռուբլի աշխատավարձով, սակայն հետաքննության հեղինակները կարծում են, որ այդ աշխատանքը ձևական է եղել։ Այդ ընթացքում նա ձեռք է բերել 337 հեկտար գյուղատնտեսական հողատարածք, որոնք հետո վարձակալության է հանձնել հենց նույն ագրոհամալիրին՝ չորս տարում վաստակելով ավելի քան 50 միլիոն ռուբլի։ Եվս մոտ 14 միլիոն ռուբլի նրան բերել է անշարժ գույքի վաճառքը։ Ընդհանուր առմամբ, ինչպես պնդում են հետաքննության մեջ, Ռուսաստանում ապրելու ընթացքում նա դարձել է ավելի քան 370 հեկտար հողի և 2,4 հազար քառակուսի մետրից ավելի անշարժ գույքի տեր (այդ թվում՝ հինգ բնակարան, հինգ տուն և չորս այլ օբյեկտներ)։

Յանուկովիչի հարսը ձեռք է բերել ավելի քան 27 հազար քառակուսի մետր անշարժ գույք (այդ թվում՝ Մոսկվայի մերձակայքում գտնվող «Բենիլյուքս» էլիտար ավանում)։ 2024 թվականին նրա ավանդային հաշիվներին եղել է մոտ 3,5 միլիոն դոլար, իսկ որդու՝ Վիկտորի հաշիվներին՝ գրեթե 5 միլիոն դոլար։

Source: https://news.am/hy/news/1051995