Ամերիկացի լրագրող և քաղաքական ակտիվիստ Լորա Լումերը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա շաբաթներին կայցելեն Կիև՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության հնարավոր կարգավորումը քննարկելու նպատակով։

Լումերը նշել է, որ ինքն անձամբ կապ է հաստատել Ուիթքոֆի հետ, որը հաստատել է ուղևորության ծրագրերը։

«Ես հենց նոր խոսեցի Սթիվ Ուիթքոֆի հետ, և նա ուղղակիորեն հաստատեց ինձ, որ իսկապես կմեկնի Կիև Ջարեդ Քուշների հետ միասին՝ ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցմանը նվիրված հանդիպման համար։ Նրանք Ուկրաինա կմեկնեն առաջիկա շաբաթներին»,- գրել է Լումերը X սոցիալական ցանցում։

Նա ընդգծել է, որ դա կլինի Կիևում նման մակարդակի առաջին հանդիպումը՝ հակամարտության կարգավորման ուղղությամբ Դոնալդ Թրամփի վարչակազմի մոտեցման շրջանակում։

«Սա կլինի առաջին դեպքը, երբ ռուս-ուկրաինական պատերազմի շուրջ բանակցային հանդիպումը տեղի կունենա Կիևում Թրամփի վարչակազմի օրոք։ Պատմություն է կերտվում»,- հայտարարել է լրագրողը։

Լումերը հնարավոր այցը կապել է Ուկրաինա իր վերջին ուղևորության հետ, որտեղ նա անցկացրել է ինը օր և հարցազրույց վերցրել ուկրաինացի լրագրող Մարիչկա Պադալկոյից։

Նա հավելել է, որ հարցազրույցի ժամանակ ինքը Ուիթքոֆին և Քուշներին կոչ է արել «դադարել հանդիպումներ անցկացնել Մոսկվայում և փոխարենը գալ Կիև»։

Source: https://news.am/hy/news/1052613