Օքսֆորդշիր կոմսության Փիդինգթոն փոքրիկ անգլիական գյուղի բնակիչները պատրաստվում են անցկացնել խորհրդանշական հանրաքվե՝ Միացյալ Թագավորությունից դուրս գալու և ԱՄՆ-ին միանալու մասին, հայտնում է CBS News-ը։
Քվեարկությունը իրավական ուժ չի ունենա, սակայն կազմակերպիչներն այն դիտարկում են իբրև բողոքի ձև՝ ընդդեմ բնակավայրից ոչ հեռու տեղակայված նախկին ռազմական զորանոցներում հարյուրավոր ապաստան հայցողների տեղավորման վերաբերյալ կառավարության ծրագրերի։
Տեղական պատգամավոր Քալում Միլլերի տվյալներով՝ նախկին Բիսեստերի ռազմական բազայի տարածքում հնարավոր է կտեղավորեն շուրջ 1250 ապաստան հայցող տղամարդկանց, ինչն ավելի քան երեք անգամ գերազանցում է բուն Փիդինգթոն գյուղի բնակչության թվաքանակը։
Բնակիչները պնդում են, որ իշխանությունները որոշում ընդունելուց առաջ իրենց հետ բավարար խորհրդակցություններ չեն անցկացրել։ Նախնական քվեարկության ընթացքում մասնակիցների 96%-ն աջակցել է Միացյալ Թագավորությունից «դուրս գալու» վերաբերյալ խորհրդանշական հանրաքվեի անցկացմանը։
Փիդինգթոնի ծխական խորհրդի նախագահ Թիմ ՄաքՆալլին, արշավի նախաձեռնողներից մեկը, բնակիչների բողոքը համեմատել է ԱՄՆ-ի անկախության համար Ջորջ Վաշինգտոնի պայքարի հետ։ Նրա կարծիքով՝ եթե բնակիչներն աջակցեն «անջատմանը», իրենք մտադիր են հռչակագիրը փոխանցել ԱՄՆ դեսպանատանը։
Միաժամանակ կազմակերպիչներն ընդունում են, որ խոսքը գյուղի պետական կարգավիճակը փոխելու իրական փորձի մասին չէ, այլ կենտրոնական կառավարության որոշումներից դժգոհության վրա ուշադրություն հրավիրելու միջոցի։
Ներգաղթյալների տեղակայման հակառակորդների կարծիքով՝ իշխանությունները պետք է ավելի շատ միջոցներ ուղղեին ապաստանի տրամադրման դիմումների մշակման արագացմանը, այլ ոչ թե նախկին ռազմական օբյեկտներում խոշոր տեղակայման կենտրոններ ստեղծեին։
Իր հերթին նախաձեռնության քննադատները զգուշացնում են, որ նման բողոքները կարող են ուժեղացնել լարվածությունը միգրացիայի թեմայի շուրջ։ Stand Up to Racism կազմակերպության ներկայացուցիչները հայտարարել են, որ ապաստանի վերաբերյալ որոշման սպասող մարդկանց նման վայրերում տեղավորելը կարող է հանգեցնել հակամարտությունների աճի և օգտագործվել արմատական խմբերի կողմից։
Փիդինգթոնի բնակիչների արշավը աջակցել է ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը, որը հայտարարել է, որ փոքրիկ գյուղում ստեղծված իրավիճակը Մեծ Բրիտանիայի միգրացիոն քաղաքականության ավելի լայն խնդրի օրինակ է։
Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարարությունից հայտարարել են, որ նախկին ռազմական օբյեկտների օգտագործումը հնարավորություն է ընձեռում նվազեցնել ապաստան հայցողների տեղավորման համար հյուրանոցներից կախվածությունը և կառավարության ընդհանուր ռազմավարության մի մասն է։
Փիդինգթոնի պատմությունը դարձել է Մեծ Բրիտանիայի միգրացիոն քաղաքականության շուրջ ամենանշանակալի տեղական բողոքներից մեկը՝ բարձրացնելով հարցը, թե որքան ակտիվ պետք է տեղական բնակիչները մասնակցեն իրենց համայնքների վրա անմիջականորեն ազդող որոշումների ընդունմանը։
Source: https://news.am/hy/news/1052588