ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի դատարանը Ապալաչի ավագ դպրոցում զանգվածային հրաձգություն իրականացրած դեռահասի հորը՝ Քոլին Գրեյին, դատապարտել է 15 տարվա ազատազրկման, հայտնում է Associated Press-ը։

Նրա որդին՝ 16-ամյա Քոլթ Գրեյը, ավելի վաղ դատապարտվել էր ցմահ ազատազրկման՝ առանց պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքի, չորս մարդու սպանության համար։

Հրաձգությունը տեղի է ունեցել 2024 թվականի սեպտեմբերի 4-ին Ապալաչի ավագ դպրոցում, որը գտնվում է Ատլանտայից մոտ 70 կիլոմետր հյուսիս-արևելք։ Այդ օրը զոհվել էին երկու 14-ամյա աշակերտներ՝ Մեյսոն Շերմերհորնը և Քրիստիան Անգուլոն, ինչպես նաև երկու ուսուցիչներ՝ 39-ամյա Ռիչարդ Ասպինուոլը և 53-ամյա Քրիստինա Իրիմիեն։ Եվս մեկ մանկավարժ և ութ աշակերտ վիրավորվել էին։

Քոլին Գրեյը մեղավոր է ճանաչվել երկրորդ աստիճանի սպանության մեջ՝ աշակերտների մասով, և ոչ դիտավորյալ սպանության մեջ՝ ուսուցիչների մասով։ Մեղադրանքի վարկածով՝ հենց նա է որդուն փոխանցել այն հրացանը, որն օգտագործվել է հարձակման ժամանակ, ինչպես նաև զինամթերք և զենքի պարագաներ։

Զոհվածների հարազատները պնդում էին առավել խիստ պատժի անհրաժեշտությունը։ Նրանց կարծիքով՝ ողբերգությունը հնարավոր էր կանխել։

Զոհված ուսուցչի այրին՝ Շայնա Ասպինուոլն, ընդգծել է, որ հայրը չի սեղմել ձգանը, սակայն «գնել է զենքը և այն հասանելի է թողել անչափահասի համար»։

Դատախազությունը պնդում էր, որ Քոլին Գրեյը որդուն Սուրբ ծննդյան տոնին կիսաավտոմատ հրացան էր նվիրել՝ զինամթերքի, նշանացույցի և այլ սարքավորումների հետ միասին։ Քննության տվյալներով՝ դեռահասը զենքը դպրոց էր բերել՝ թաքցնելով այն, ապա հանել էր հրացանը և կրակ բացել միջանցքում ու դասարաններից մեկում։

Քննիչները հայտարարել են նաև, որ հարձակումից առաջ Քոլթ Գրեյի մոտ նկատվել էին հոգեկան վիճակի վատթարացման նշաններ։ Նա մասնակցում էր առցանց համայնքների, որտեղ երիտասարդները քննարկում էին զանգվածային սպանություններ իրականացրած անձանց։

Դեռահասի մայրը՝ Մարսի Գրեյը, որը ամուսնալուծված էր Քոլին Գրեյից, ավելի վաղ հայտնել էր քննությանը, որ զգուշացրել էր նախկին ամուսնուն որդու հասանելիությունից զենքը հեռացնելու անհրաժեշտության մասին։

Պաշտպանության փաստաբանը խնդրել էր Քոլին Գրեյին նշանակել 10 տարվա ազատազրկում և դրան հաջորդող փորձաշրջան։ Դատախազությունը պահանջում էր 80 տարվա ազատազրկում՝ հայտարարելով, որ հայրը անտեսել է «էական և անհիմն ռիսկը»։

Գործը դարձել է ԱՄՆ-ում այն սակավաթիվ դեպքերից մեկը, երբ ծնողները քրեական պատասխանատվության են ենթարկվել իրենց երեխաների իրականացրած զանգվածային հրաձգությունից հետո։ Ավելի վաղ նմանատիպ նախադեպ էր գրանցվել Միչիգան նահանգում․ 2021 թվականին Օքսֆորդի ավագ դպրոցում հրաձգություն իրականացրած դեռահասի ծնողները դատապարտվել էին յուրաքանչյուրը 10 տարվա ազատազրկման՝ ոչ դիտավորյալ սպանության համար։

Դատավորը նշել է, որ նման գործերը շարունակում են մնալ վիճահարույց, քանի որ անմիջական հանցագործը երեխան է, սակայն ընդգծել է, որ ծնողները կարող են պատասխանատվություն կրել, եթե անտեսում են վտանգի ակնհայտ նշանները։

Source: https://news.am/hy/news/1052610