Իրաքի կառավարությունը հայտարարել է, որ չի թույլատրել որևէ ռազմական գործողություն իր տարածքում և թույլ չի տա երկրի օգտագործումը որպես հարթակ հարևան պետությունների դեմ հարձակումների համար։

Կառավարության ներկայացուցիչ Հայդեր ալ-Աբուդին Al-Iraqiya News TV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է, որ Բաղդադը նախապես տեղեկացված չի եղել չորեքշաբթի գիշերը իրաքյան յոթ նահանգներին հասցված հարվածների մասին։

«Իրաքը թույլ չի տվել և թույլ չի տա իր տարածքն օգտագործել հարևան երկրների վրա հարձակումների համար։ Կառավարությունը նաև որևէ թույլտվություն չի տվել Իրաքի ներսում հարձակումներ իրականացնելու համար»,- հայտարարել է ալ-Աբուդին։

Նրա տեղեկություններով՝ իշխանությունները հարվածների մասին իմացել են տեղական ժամանակով գիշերը 02:50-ին։ Դրանից հետո Իրաքի զինված ուժերի գլխավոր հրամանատարը հրավիրել է արտահերթ խորհրդակցություն ռազմական և ուժային կառույցների ղեկավարների հետ՝ հետևանքները գնահատելու և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու նպատակով։

Իրաքի Ազգային անվտանգության նախարարական խորհուրդը դատապարտել է հարվածները՝ դրանք որակելով որպես երկրի ազգային ինքնիշխանության խախտում։ Ալ-Աբուդին ընդգծել է, որ Բաղդադը հավատարիմ է դիվանագիտական մոտեցմանը և ձգտում է խուսափել տարածաշրջանում հետագա լարվածության սրացումից։

Կառավարության ներկայացուցչի տվյալներով՝ հարձակումների հետևանքով զոհվել է իրանամետ «Ժողովրդական մոբիլիզացիայի ուժերի» («Հաշդ աշ-Շաաբի») ավելի քան 18 անդամ, ևս մոտ 20 մարդ վիրավորվել է։

Ալ-Աբուդին հայտարարել է, որ Իրաքը Սաուդյան Արաբիայից պահանջել է Իրանի աջակցությունը վայելող խմբավորումների՝ սաուդյան տարածքի վրա ենթադրյալ հարձակումներին ներգրավվածության ապացույցներ։ Նրա գնահատմամբ՝ կառավարությունը նաև ստեղծել է քննչական հանձնաժողովներ, որոնք այդ մեղադրանքների հաստատումներ չեն հայտնաբերել։

«Իրաքը պատերազմի կողմ չի լինի և տարածաշրջանային հակամարտությունում որևէ ճամբարի մաս չէ։ Մեր քաղաքականությունը հիմնված է գործընկերության, բարիդրացիության և դիվանագիտական լուծումների վրա»,- նշել է կառավարության ներկայացուցիչը։

Նա հայտնել է նաև, որ Իրաքի վարչապետի նախատեսված այցը Սաուդյան Արաբիա հետաձգվել է վերջին հարվածներից հետո։

Source: https://news.am/hy/news/1052614