ԱՄՆ-ում 1996 թվականին ստեղծվելուց ի վեր առաջին անգամ սկսել է գործել այն հատուկ դատարանը, որը քննում է երկրից հեռացնելու մասին գործեր այն օտարերկրացիների նկատմամբ, որոնց իշխանությունները համարում են ահաբեկչության հետ առնչություն ունեցող, հայտնում է NBC News-ը։

Այսպես կոչված Օտարերկրյա ահաբեկիչների արտաքսման դատարանի (Alien Terrorist Removal Court) առջև առաջինը ներկայացել է Թեքսասի 47-ամյա բնակչուհի Նազիրա Հաջի Զադան, որին քրեական հանցագործության մեջ չեն մեղադրում, սակայն իշխանությունները կասկածում են նրան «Իսլամական Պետության» գաղափարախոսության ազդեցությամբ հարձակում ծրագրած ընտանիքի գործունեությանն առնչություն ունենալու մեջ։

Հաջի Զադան, որն ԱՄՆ-ում ունի օրինական մշտական բնակչի կարգավիճակ, ներկայացել է գլխավոր դատավոր Ջոան Էրիքսենի առջև՝ Վաշինգտոնի դաշնային դատարանում։ Դատավորը շեշտել է, որ դա ոչ թե քրեական, այլ քաղաքացիական վարույթ է, որի նպատակը օտարերկրացու հնարավոր արտաքսումն է։

Այս դատարանի աշխատանքի մեխանիզմը տարբերվում է սովորական քրեական գործընթացից․ ամերիկյան իշխանությունները պետք է ապացուցեն, որ անձը համապատասխանում է «օտարերկրյա ահաբեկիչ» սահմանմանը, ընդ որում ապացուցման չափանիշն ավելի ցածր է, քան քրեական դատավճիռ կայացնելիս։ Դատարանի որոշումները կարող են բողոքարկվել ԱՄՆ-ից օտարերկրյա ահաբեկիչների արտաքսման գործերով դատարանում և Կոլումբիայի օկրուգի ԱՄՆ վերաքննիչ դատարանում։

Պաշտպանության ներկայացուցիչները հայտարարել են, որ բուն ընթացակարգը խախտում է Հաջի Զադայի սահմանադրական իրավունքները։ Նրա փաստաբան Մեթյու Ֆարլին գործընթացն անվանել է «քրեական հետապնդումը շրջանցելու միջոց» և հայտարարել, որ իշխանությունները փորձում են իր պաշտպանյալին զրկել ԱՄՆ Սահմանադրության առաջին, չորրորդ, հինգերորդ և վեցերորդ ուղղումներով նախատեսված երաշխիքներից։

ԱՄՆ արդարադատության նախարարությունը պնդում է, որ Հաջի Զադան կապված է եղել մի ընտանիքի հետ, որի անդամները ծրագրել էին հարձակում 2024 թվականի նախագահական ընտրությունների օրը։ Քննության վարկածով՝ նրա որդին՝ Աբդուլլա Հաջի Զադան, և փեսան՝ Նասիր Ահմադ Թավհեդին, «Իսլամական Պետության» անունից հարձակում էին նախապատրաստում մարդկանց զանգվածային կուտակման վայրում։ Մեղադրանքի տվյալներով՝ Թավհեդին հարձակման համար ձեռք էր բերել զենք և զինամթերք, իսկ ավելի ուշ ընդունել էր մեղքը ահաբեկչական կազմակերպությանը աջակցելու և զենքի կիրառմամբ հանցագործություն նախապատրաստելու գործերով։

Իշխանությունները միաժամանակ պնդում են, որ հենց Հաջի Զադան է օգնել ընտանիքի՝ Աֆղանստան մեկնելու նախապատրաստությանը և աջակցել հարազատների գործողություններին։ Միաժամանակ պաշտպանությունը պնդում է, որ մեղադրանքները քրեական գործընթացի շրջանակում չեն հաստատվել։

ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնակատար Թոդ Բլանշը հայտարարել է, որ Կոնգրեսը ստեղծել է այս դատարանը հենց ահաբեկչությանն առնչվող օտարերկրացիներին երկրից հեռացնելու նպատակով, և որ իշխանությունները մտադիր են օգտագործել բոլոր հասանելի գործիքները։

«Կոնգրեսը երեք տասնամյակ առաջ ստեղծեց Օտարերկրյա ահաբեկիչների արտաքսման դատարանը, որպեսզի ԱՄՆ-ից հեռացնի այն օտարերկրացի ահաբեկիչներին, որոնք ի սկզբանե չպետք է գտնվեին երկրում»,- հայտարարել է Բլանշը։

1996 թվականին ստեղծված այս դատարանը նախկինում գրեթե չէր կիրառվում։ Իրավաբանները նշում են, որ գրեթե երեք տասնամյակ այն մնացել էր ոչ ակտիվ, այդ թվում՝ հնարավոր սահմանադրական վեճերի մտավախությունների պատճառով։ Այժմ Դոնալդ Թրամփի վարչակազմը կրկին գործի է դրել այս մեխանիզմը, ինչը կարող է հանգեցնել նոր դատական վեճերի՝ միգրացիայի և ազգային անվտանգության ոլորտում պետության լիազորությունների սահմանների վերաբերյալ։

Source: https://news.am/hy/news/1052609