Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) 2026 թվականին հրապարակած World Economic Outlook զեկույցի թողարկման համաձայն՝ Չինաստանի ՀՆԱ-ն գնողունակության պարիտետով հասել է 44,3 տրիլիոն ԱՄՆ դոլարի։
Գնողունակության պարիտետը հաշվի է առնում երկրների միջև գների մակարդակի տարբերությունները և թույլ է տալիս գնահատել ոչ թե տնտեսությունների շուկայական արժեքը՝ ըստ փոխարժեքների, այլ արտադրված ապրանքների և ծառայությունների իրական ծավալը։ Հենց այդ պատճառով ԱՄՀ-ն և Համաշխարհային բանկն օգտագործում են ԳՈւՊ ցուցանիշը՝ տնտեսությունների իրական մասշտաբներն ու բնակչության կենսամակարդակը համեմատելու համար։
Երկրորդ տեղում Միացյալ Նահանգներն է՝ ըստ գնողունակության պարիտետի 32,38 տրիլիոն դոլար ՀՆԱ-ով։ Հնդկաստանը վստահորեն ամրապնդվել է երրորդ հորիզոնականում՝ 18,9 տրիլիոն դոլար ցուցանիշով, շարունակելով մեծացնել իր առավելությունը մյուս առաջատար տնտեսությունների նկատմամբ բարձր աճի տեմպերի և բազմամարդ բնակչության շնորհիվ, որը նպաստում է ներքին արտադրության ընդլայնմանը։
Չորրորդ տեղը զբաղեցնում է Ռուսաստանը՝ ըստ գնողունակության պարիտետի 7,53 տրիլիոն դոլար ՀՆԱ-ով։ Նրան հաջորդում են Ճապոնիան և Գերմանիան։ Ինդոնեզիան զբաղեցրել է յոթերորդ հորիզոնականը՝ 5,45 տրիլիոն դոլար ցուցանիշով, ինչն արտացոլում է Հարավարևելյան Ասիայի խոշորագույն տնտեսության աճող տնտեսական նշանակությունը։
Ութերորդ տեղում Բրազիլիան է, իններորդում՝ Ֆրանսիան, իսկ ըստ գնողունակության պարիտետի խոշորագույն տնտեսությունների տասնյակը եզրափակում է Մեծ Բրիտանիան։
Այս վարկանիշները զգալիորեն տարբերվում են անվանական ՀՆԱ-ով երկրների ցանկից, որտեղ առաջատարը շարունակում է մնալ Միացյալ Նահանգները։ Գնողունակության պարիտետի հաշվարկի դեպքում ներքին ավելի ցածր գների մակարդակ ունեցող երկրները, առաջին հերթին խոշոր զարգացող տնտեսությունները, ինչպիսին են Չինաստանը և Հնդկաստանը, բարձրանում են ավելի վեր, քանի որ այդ պետությունների ներսում նույն գումարով կարելի է ձեռք բերել ավելի շատ ապրանքներ և ծառայություններ, քան զարգացած երկրներում։
Չինաստանը համաշխարհային առաջատարությունը պահպանում է գնողունակության պարիտետով հաշվարկված ՀՆԱ ծավալով 2014 թվականից, երբ երկիրը շրջանցեց Միացյալ Նահանգներին։ Սա դարձավ տասնամյակների արագ արդյունաբերականացման, քաղաքաշինական աճի և արդյունաբերական արտադրության զարգացման արդյունքը, փոխանցել է Naked Science-ը։
Հնդկաստանը նույնպես հետևողականորեն ամրապնդում է դիրքերը՝ բարձր ներքին պահանջարկի, ակտիվ ներդրումների և ծառայությունների ոլորտի արագ զարգացման շնորհիվ։ Չնայած անվանական ՀՆԱ-ով վարկանիշում ավելի ցածր տեղին՝ ըստ գնողունակության պարիտետի երկիրն արդեն աշխարհի երրորդ խոշորագույն տնտեսությունն է։
Source: https://news.am/hy/news/1051651