Պուտինը պայմաններ է նախապատրաստում մոբիլիզացիայի ընդլայնման համար։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Այս տարվա ոչ լրիվ յոթ ամիսների ընթացքում ռուսական զինված ուժերի շարքերը համալրել է 221 հազար մարդ։ Այդ ընթացքում նույն ժամանակահատվածում ռուսների կորուստները կազմել են գրեթե 225,5 հազար մարդ, որոնցից 131 հազարը՝ սպանված, գրեթե 93 հազարը՝ վիրավոր։ Վիրավորումների զգալի մասը ծանր է, քանի որ ռուսների ռազմաճակատային բժշկությունը համատարած վատ վիճակում է։

Կարևոր է, որ մենք գործընկերների հետ միասին կարողանանք բավարար չափով ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, որպեսզի այս ագրեսիան դադարեցնելու մտքերը դառնան գերակշռող, խաղաղության մասին մտքերը, այլ ոչ թե ռուսական լրացուցիչ մոբիլիզացիայի։ Մեր գործողությունները նպաստում են դրան։ Ավելի ու ավելի շատ ռուսներ են մտածում, որ պատերազմը պետք չէ ձգձգել։ Մենք դա տեսնում ենք։

Մենք տեսնում ենք նաև Ռուսաստանի համագործակցությունը Հյուսիսային Կորեայի հետ։ Ռուսաստանը ցանկանում է Հյուսիսային Կորեայից ստանալ ևս 30 հազար զինվորական։ Հյուսիսային Կորեան պատրաստվում է Ռուսաստանին փոխանցել բալիստիկ հրթիռների արձակման նոր կայանքներ։ Սա սպառնալիք է ոչ միայն Ուկրաինայի համար։ Ռուսաստանն օգնում է Հյուսիսային Կորեային սովորել պատերազմ վարել, կատարելագործում է նրա զենքը՝ նրան տալով զենքի իրական կիրառման փորձ։ Այս ամենը սպառնալիք է Ասիայում յուրաքանչյուրի համար, ով գտնվում է հյուսիսկորեական հրթիռների հասանելիության գոտում։ Մենք հակազդելու ենք», — նշել է Զելենսկին։

Source: https://news.am/hy/news/1051726