Իրանի արտաքին գործերի նախարարությունը վճռականորեն դատապարտել է «ուկրաինական ռեժիմի» գրոհը Կասպից ծովում իրանական առևտրանավի դեմ, որի հետևանքով առավոտյան նավի վրա պայթյուն է տեղի ունեցել, հաղորդել է ИРНА-ն։

«Մեկ նավաստի զոհվել, ևս մեկը վիրավորվել է։

Իրանի արտաքին գործերի նախարարությունը դա գնահատել է որպես Միավորված Ազգերի Կազմակերպության կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ կետի խախտում և ագրեսիայի ակտի օրինակ, որը կարող է էլ ավելի բորբոքել պատերազմի կրակը։

Կասպից ծովում իրանական առևտրանավի դեմ ուկրաինական ռեժիմի հարձակումը, որը բացահայտորեն ընդունվել է այդ ռեժիմի ղեկավարի կողմից, վկայում է Իրանի նկատմամբ ուկրաինական ռեժիմի թշնամական մոտեցման շարունակության մասին։

Ընդգծելով, որ Իրանը երբեք չի միջամտել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությանը, Իրանի Իսլամական Հանրապետությունը ՄԱԿ Անվտանգության խորհրդի, եվրոպական երկրների և ՄԱԿ բոլոր անդամների ուշադրությունն է հրավիրում այն ակնհայտ փաստի վրա, որ ուկրաինական ռեժիմը, հարձակվելով իրանական առևտրանավի վրա, ոչ միայն կատարել է միջազգային իրավախախտում, այլև վտանգավոր կերպով ձգտում է բորբոքել պատերազմի և անկայունության կրակը։

Ցանկացած կողմ, որը մտահոգված է Արևելյան Եվրոպայում և կից տարածաշրջաններում խաղաղությամբ և անվտանգությամբ, պետք է պատասխանատու դիրքորոշում որդեգրի ուկրաինական ռեժիմի այս վտանգավոր գործողությունների նկատմամբ և ուկրաինական կառավարությանը պատասխանատվության ենթարկի հանցավոր և սադրիչ գործողությունների համար։

Իրանն առանց վարանելու կպաշտպանի իր ազգային շահերն ու անվտանգությունը՝ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին և նորմերին, հատկապես ինքնապաշտպանության սկզբունքին համապատասխան։ Ակնհայտ է, որ ուկրաինական ռեժիմի ղեկավարի արկածախնդրության հետևանքների պատասխանատվությունը կրելու են այդ ռեժիմը, նրա աջակիցներն ու հրահրողները», — նշել են Իրանի ԱԳՆ-ում։

Զելենսկի. Մենք հարվածներ ենք հասցրել ՌԴ-ի և Իրանի միջև ռազմական բեռներ տեղափոխող նավերին

Source: https://news.am/hy/news/1051730