ԱՄՆ Կոնգրեսում կոչ են արել հարցաքննել Թրամփի կրտսեր որդուն՝ Թեյթ եղբայրների հետ նրա կապերի պատճառով։
Այս պահանջով հանդես է եկել Դեմոկրատական կուսակցությունից Կոնգրեսի անդամ Յասամին Անսարին։ Վերահսկողության հանձնաժողովի նախագահի անունով հասցեագրված նամակում կին կոնգրեսականը հղում է կատարում Էնդրյու Թեյթի և Բերոն Թրամփի միջև շփումների մասին հաղորդումներին։
Անսարին ցանկանում է պարզել, թե արդյոք Թեյթ եղբայրների հետ կապված անձինք կապեր պահպանել են Թրամփի ընտանիքի կամ պետական պաշտոնյաների հետ և ինչ դեր են խաղացել այդ կապերը, հաղորդել է Bild-ը։ Այդ կապակցությամբ նա պահանջել է հրապարակել համապատասխան փաստաթղթերը և պնդել է, որ Բերոն Թրամփը հարցաքննվի։ Միևնույն ժամանակ, ինչպես հաղորդվել է, Անսարին նախագահի որդուն չի մեղադրում որևէ անօրինական գործողության մեջ։
Այս հարցման առիթ են դարձել գործարար Ջասթին Ուոլերի մասին հաղորդումները, որն իրեն անվանում է Թեյթերի «երրորդ եղբայր»։ Նշվել է, որ Ուոլերը 2024 թվականին կապ է ունեցել Բերոն Թրամփի հետ։ Բացի այդ, տեղեկություններ են հայտնվել, որ Բերոնը Zoom-ի միջոցով զրուցել է Էնդրյու Թեյթի հետ՝ կոստյումը փորձելու ժամանակ։ Ավելի ուշ Թեյթը պնդել էր, թե իբր «շատ մտերիմ է Թրամփի ընտանիքի հետ»։
Թեյթ եղբայրներն անցյալ շաբաթ ձերբակալվել էին Մայամիում։ Նրանց առաջադրվել են ծանր մեղադրանքներ, այդ թվում՝ բռնաբարության և մարդկանց թրաֆիքինգի։ Եղբայրներն իրենք հերքում են բոլոր մեղադրանքները։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտնել է, որ ԱՄՆ կառավարությունը չի խոչընդոտի եղբայրների հնարավոր արտահանձնմանը Մեծ Բրիտանիա։ Բրիտանական իշխանությունները ձգտում են նրանց հանձնել, քանի որ, ըստ քննության վարկածի, ենթադրյալ հանցագործությունները կատարվել են հենց այնտեղ։
Source: https://news.am/hy/news/1051727