Հունաստանի Կրետե կղզում խոշոր անտառային հրդեհը, որը սաստկացել էր ուժեղ քամուց, հանգեցրել է երկու հրշեջների մահվան և առնվազն յոթ գյուղերի բնակիչների տարհանման, հայտնում է Kathimerini-ն։
Բարդ եղանակային պայմանները, ներառյալ շոգն ու չորությունը, տարածաշրջանում կպահպանվեն առնվազն ևս մեկ օր։
Հունաստանի մայրցամաքային հարավում՝ Պելոպոնեսի Գիթիո շրջանում, մեկ այլ հրդեհ խլել է երրորդ հրշեջի կյանքը։ Կրետեից բացի, հրդեհների օջախներ գրանցվել են նաև Լեսբոս կղզում և երկրի այլ տարածքներում։
Հրշեջ ծառայության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում՝ երեքշաբթի երեկոյից սկսած, Հունաստանում տեղի է ունեցել 37 անտառային հրդեհ։ Դրանց մեծ մասը բռնկվել է չորացած բուսականությամբ շրջաններում՝ մի քանի շաբաթ տևած շոգ և երաշտային եղանակից հետո։
Ամենածանր իրավիճակը ստեղծվել է Կրետեի Ռեթիմնո շրջանում։ Երկու հրշեջ զոհվել են, երբ բոցի տարածման դեմ պայքարի ընթացքում կրակը շրջափակել է նրանց ավտոմեքենան։ Հրշեջ ծառայությունում նրանց մահն անվանել են «հերոսական» և ցավակցություն հայտնել զոհվածների ընտանիքներին։
Կրակի տարածման սպառնալիքի պատճառով իշխանությունները կարգադրել են տարհանել Կրետեի յոթ բնակավայրերի՝ Ագիա Գալինի, Տրիոպետրա, Ագիոս Գեորգիոս, Ագիոս Պավլոս, Սախտուրիա, Մելամբես և Կրիա Վրիսի բնակիչներին։
Ռեթիմնո շրջանում կրակի դեմ պայքարում են 156 հրշեջներ՝ 27 հրշեջ մեքենաների և հրդեհաշիջման ութ ինքնաթիռների աջակցությամբ։ Կղզու այլ շրջաններում ևս մի քանի հրդեհի օջախներ ակտիվ են։
Լեսբոս կղզում նույնպես տարհանվել է Պլոմարի ավանը։ Այնտեղ հրդեհը մարում են մոտ 50 հրշեջներ և վեց ավիացիոն միջոցներ։
Իշխանությունները նախազգուշացրել են, որ նոր հրդեհների բարձր ռիսկը հինգշաբթի կպահպանվի Կրետեում, Աթենքի շրջանում, Էվբեա կղզում, արևելյան Պելոպոնեսում, Կիկլադներում և Էգեյան ծովի արևելյան հատվածի կղզիներում։
Հունաստաննամեն տարի ամռանը բախվում է կործանարար անտառային հրդեհների․ ծայրահեղ շոգի, ուժեղ քամու և չորացած բուսականության համադրությունը հատկապես վտանգավոր պայմաններ է ստեղծում կրակի տարածման համար։
Source: https://news.am/hy/news/1052336