ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծանր է տանում իր մերձավոր դաշնակից, սենատոր Լինդսի Գրեհեմի մահը և, ըստ The Washington Post-ի տվյալների, ավելի ու ավելի հաճախ է մտորում իր՝ մահկանացու լինելու մասին։

Ինչպես նշում է պարբերականը՝ վկայակոչելով նախագահի շրջապատի աղբյուրներին, 80-ամյա Թրամփը ցնցված է եղել Գրեհեմի հանկարծամահությունից, որը նրանից գրեթե տասը տարով երիտասարդ էր։ Ըստ պարբերականի զրուցակիցների՝ այդ կորուստը նկատելիորեն ազդել է նախագահի վրա։

«Ես ասացի. «Տղանե՛ր, ես պարզապես չեմ կարող դրան հավատալ»»,- հայտարարել է Թրամփը NBC հեռուստաալիքի Meet the Press ծրագրին տված հարցազրույցում՝ վերհիշելով այն պահը, երբ իմացել է սենատորի մահվան մասին։

Fox & Friends-ի հետ զրույցում նա կրկին Գրեհեմին «աշխատամոլ» է անվանել, ընդգծելով, որ նա «պարզապես երբեք դադար չէր առնում»։

Երեքշաբթի Թրամփը մտադիր է ներկա գտնվել սենատորի հուղարկավորությանը, իսկ այնուհետև ելույթ ունենալ Վաշինգտոնի ազգային տաճարում անցկացվելիք հիշատակի արարողությանը։

Լինդսի Գրեհեմը մահացել է հուլիսի 11-ին՝ 71 տարեկան հասակում։ Դատաբժշկական փորձաքննության տվյալներով՝ մահվան պատճառ է դարձել աթերոսկլերոզով պայմանավորված աորտայի պատռվածքը։ Դրանից քիչ առաջ սենատորը վերադարձել էր Ուկրաինա կատարած այցից։

Թրամփը պատմել է, որ Գրեհեմի հետ խոսել է նրա մահից ընդամենը մի քանի ժամ առաջ։

«Նա զանգահարեց ինձ երեկոյան և ասաց. «Մեզ մոտ ամեն ինչ պատրաստ է SAVE America Act-ի գծով»։ Նա փոքր-ինչ հոգնած ձայն ուներ, բայց ընդհանուր առմամբ միանգամայն լավ էր»,- վերհիշել է նախագահը։

Իր վերջին բոլոր հարցազրույցներում Թրամփն ընդգծել է, թե որքան անսպասելի էր սենատորի մահը։

«Ինձ համար շատ ծանր է։ Նա հիանալի մարդ էր, իմ ընկերը։ Նա անընդհատ զանգում էր ինձ։ Ես նույնիսկ ասում էի նրան. «Լի՛նդսի, հերիք է ինձ զանգես»։ Նա անհավանական մարդ էր»,- Fox & Friends-ի եթերում պատմել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը նշել է նաև, որ Գրեհեմի համար «կյանքում ամեն ինչ կապված էր աշխատանքի հետ»։

The Washington Post-ի տեղեկություններով՝ սենատորի մահից հետո նախագահն սկսել է ավելի հաճախ մտորել սեփական կյանքի և մահկանացու լինելու մասին։ Մասնավորապես, հուլիսի 13-ին Newsmax-ին տված հարցազրույցում նա խոստովանել է, որ պարբերաբար վերանայում է 2024 թվականին Բաթլերում նախընտրական հանրահավաքի ժամանակ իր դեմ կատարված մահափորձի տեսագրությունը։

Source: https://news.am/hy/news/1052344