Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան կշարունակի աջակցել կիպրոսցի թուրքերին և նոր ենթակառուցվածքային նախագծեր կիրականացնի չճանաչված «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունում», հայտնում է Anadolu-ն։

Կառավարության նիստից հետո Էրդողանն ընդգծել է, որ Արևելյան Միջերկրական ծովում կիպրոսցի թուրքերի «ինքնիշխան հավասարությունը, իրավունքներն ու օրինական շահերն» անտեսող ոչ մի նախաձեռնություն չի կարող հաջողության հասնել։

Նա հայտարարել է նաև, որ Թուրքիան ուշադիր հետևում է Կիպրոսը նոր ռազմական դաշինքների և աշխարհաքաղաքական նախագծերի մեջ ներառելու փորձերին։

«Թուրքիան երբեք չի լքի իր եղբայրներին՝ կիպրոսցի թուրքերին, և թույլ չի տա, որ կրկնվեն անցյալի ողբերգությունները, ինչ գնով էլ որ լինի»,- ասել է Էրդողանը։

Ըստ նրա՝ Անկարան կշարունակի մասշտաբային ներդրումները Կիպրոսի բռնազավթված հյուսիսի ենթակառուցվածքներում։ Մասնավորապես, կղզին ջրով ապահովելու նախագծի իրականացումից հետո իշխանությունները մտադիր են ստորջրյա գազատար կառուցել։

Մեկնաբանելով Մերձավոր Արևելքի իրավիճակը՝ Էրդողանը Իսրայելին մեղադրել է «պաղեստինյան տարածքների աստիճանական բռնազավթման և միջազգային իրավունքի նորմերի խախտման» մեջ։ Ըստ նրա՝ այդ գործողությունների հետևանքներն ազդում են ոչ միայն պաղեստինցիների և լիբանանցիների, այլև ամբողջ տարածաշրջանի վրա։

Խոսելով տնտեսության մասին՝ թուրք առաջնորդը հայտարարել է, որ երկիրը հետևողականորեն վերածվում է արտադրության, լոգիստիկայի, տարանցիկ առևտրի և տեխնոլոգիաների տարածաշրջանային կենտրոնի։ Նա նաև ընդգծել է, որ թուրքական տնտեսությունը պահպանում է կայունությունը՝ չնայած տարածաշրջանային հակամարտություններին և համաշխարհային իրավիճակի անկայունությանը։

Source: https://news.am/hy/news/1052348