Հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմի մահից հետո ԱՄՆ-ում ուժեղացել է հանրային քննարկումը քաղաքական գործիչների տարիքի և նրանց առողջական վիճակի շուրջ։
Ըստ CNN-ի նոր հարցման՝ ամերիկացիների 58%-ը Կոնգրեսում տարեց օրենսդիրների մեծ թիվը լուրջ խնդիր է համարում։ 35 տարեկանից ցածր քաղաքացիների շրջանում այդ տեսակետին է հարում հարցվածների արդեն 68%-ը։
Քննարկման առիթ է դարձել ոչ միայն 71-ամյա Գրեհեմի մահը, այլև ամերիկյան քաղաքականության այլ վետերանների առողջական վիճակը։ Մասնավորապես, 84-ամյա սենատոր Միտչ ՄըքՔոնելը հունիսից ի վեր գրեթե չի մասնակցում քվեարկություններին՝ վայր ընկնելուց և տարած թոքաբորբից հետո։
Հարցումը նաև թափանցիկության մեծ պահանջարկ է ցույց տվել։ Ամերիկացիների գրեթե երկու երրորդը համարում է, որ ընտրված քաղաքական գործիչները պետք է բացահայտեն բոլոր բժշկական տվյալները, որոնք կարող են ազդել իրենց պարտականությունների կատարման վրա։ Միայն 35%-ն է կարծում, որ նրանք մյուս քաղաքացիների պես բժշկական տվյալների անձեռնմխելիության նույնպիսի իրավունք ունեն։
Բացի դրանից, երկու խոշորագույն կուսակցությունների կողմնակիցների մոտ 70%-ը հայտարարել է, որ անհարմարություն կզգար, եթե իրենց կուսակցությունն առաջադրեր 70 տարեկանից բարձր թեկնածու։ Fox News-ի հուլիսյան մեկ այլ հարցում ցույց է տվել, որ գրանցված ընտրողների 85%-ն աջակցում է օրենսդիրների համար պարտադիր տարիքային սահմանափակում մտցնելուն։
ԱՄՆ Կոնգրեսի անդամները երկրի պատմության մեջ ամենատարիքովներից են։ Գործող սենատորների ավելի քան մեկ երրորդն արդեն 70 տարեկանից բարձր է, իսկ վերին պալատի անդամների միջին տարիքը 66 տարեկանն է։ Ամենատարեց սենատորը 92-ամյա հանրապետական Չակ Գրասլին է, որը զբաղեցնում է Սենատի ժամանակավոր նախագահի պաշտոնը և երրորդն է ԱՄՆ նախագահի պաշտոնի հաջորդականության հերթում։ Ընդ որում, Մարդահամարի բյուրոյի տվյալներով, ԱՄՆ բնակիչների միայն մոտ 19%-ն է 65 տարեկանից բարձր, ինչը նկատելիորեն ցածր է Կոնգրեսում այդ տարիքային խմբի ներկայացուցիչների մասնաբաժնից։
Source: https://news.am/hy/news/1052352