ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի հայտարարել է, որ «խիստ հիասթափված» կլինի ՉԺՀ նախագահ Սի Ծինփինից, եթե Չինաստանը զենք մատակարարի Իրանին, հաղորդում է CNN հեռուստաալիքը։
«Դա զարմանալի կլիներ»,- ասել է Թրամփը Օվալաձև աշխատասենյակում լրագրողներին՝ պատասխանելով հնարավոր մատակարարումների մասին հարցին։
«Նման բաներ պատահում են, բայց դա անսպասելի կլիներ։ Նա (Սի Ծինփինը) ինձ շատ հաստատակամորեն ասել է, որ չի մասնակցի դրան, և նա գիտի, որ եu խիստ հիասթափված կլինեի»,- հավելել է ԱՄՆ նախագահը։
ԱՄՆ նախագահի հայտարարությունը հնչել է Reuters-ի այն հրապարակումից հետո, ըստ որի՝ ակնկալվում է, որ Թեհրանն առաջիկա շաբաթներին կարող է Չինաստանից 300–400 դյուրակիր զենիթահրթիռային համալիրների խմբաքանակ ստանալ ։ Գործակալության տվյալներով՝ գործարքի արժեքը գնահատվում է 60–70 միլիոն դոլար։
Ավելի վաղ CNN հեռուստաալիքը հայտնել էր, որ ամերիկյան հետախուզությունը տեղեկություն է ստացել Չինաստանի կողմից Իրանին հակաօդային պաշտպանության նոր համակարգերի մատակարարման հնարավոր նախապատրաստման մասին: Աղբյուրների տվյալներով՝ Թեհրանը ձգտում է համալրել սպառազինության առանձին տեսակների պաշարները առանցքային արտաքին գործընկերների աջակցությամբ։
Source: https://news.am/hy/news/1052363