Աֆրիկայի հյուսիսային ափին գտնվող իսպանական Սեուտա անկլավը բախվել է ապօրինի միգրացիայի կտրուկ աճի։ Վերջին մի քանի օրերի ընթացքում ավելի քան 1500 մարդ, նրանց թվում՝ չափահասներ և անչափահասներ, Մարոկկոյից լողալով հասել են Իսպանիայի տարածք, հայտնում է Associated Press-ը։

Սեուտայի կառավարության ղեկավար Խուան Խեսուս Վիվասը հայտարարել է, որ ժամանակավոր տեղավորման կենտրոնները լիովին գերբեռնված են, իսկ հարյուրավոր ներգաղթյալներ ստիպված են գիշերել բաց երկնքի տակ։ Նրա գնահատմամբ՝ սահմանը հենց լողալով հատող մարդկանց նման մասշտաբային հոսքն արտասովոր է նույնիսկ ամառային տարեշրջանի համար, երբ ծովային անցումների թիվն ավանդաբար ավելանում է։

Իսպանիայի ներքին գործերի նախարար Ֆերնանդո Գրանդե-Մարլասկան խոստովանել է, որ իշխանությունները բախվել են «արտակարգ և բացառիկ իրավիճակի»՝ հավաստիացնելով, որ տեղում արդեն ներգրավված են առկա բոլոր ուժերը։ Փրկարարական գործողությանը մասնակցում են Քաղաքացիական գվարդիայի ստորաբաժանումները, ծովային փրկարարական ծառայությունները և Կարմիր խաչը, որոնք մարդկանց դուրս են բերում ծովից և հասցնում Սեուտա։

Իրավապաշտպանների տվյալներով՝ ժամանողների մեծ մասը Մարոկկոյի քաղաքացիներ են, ինչպես նաև փոքրաթիվ ալժիրցիներ, որոնք նախկինում գտնվում էին թագավորության տարածքում՝ Եվրոպա հասնելու հնարավորությանը սպասելով։

Սահմանը հատելու փորձերի թվի կտրուկ աճի պատճառները դեռևս պարզված չեն։ Ընդ որում, տեղական իշխանությունները նշում են, որ վերջերս Իսպանիայի Գերագույն դատարանը վճռել է. ծովային ճանապարհով երկիր ժամանած ներգաղթյալներին չի կարելի անմիջապես հետ ուղարկել առանց օրենքով նախատեսված ընթացակարգերի պահպանման։

Որոշ դիտորդներ նաև զուգահեռներ են անցկացնում 2021 թվականի մայիսի միգրացիոն ճգնաժամի հետ, երբ երկու օրվա ընթացքում Սեուտա էր թափանցել ավելի քան 8 հազար մարդ։ Այն ժամանակ Իսպանիան Մարոկկոյին մեղադրում էր երկու երկրների միջև դիվանագիտական հակամարտության ֆոնին սահմանային վերահսկողությունը թուլացնելու մեջ։ Ընդսմին, Իսպանիայի ՆԳՆ-ն այժմ ընդգծում է, որ Ռաբաթը համագործակցում է Մադրիդի հետ և շարունակում է միջոցներ ձեռնարկել ապօրինի միգրացիան զսպելու ուղղությամբ։

Source: https://news.am/hy/news/1052357