ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը կոշտ պատասխան հարված կհասցնի Իրանին տարածաշրջանում ամերիկյան ռազմական օբյեկտների վրա հարձակվելու փորձից հետո, հաղորդում է CNN հեռուստաալիքը։
Ըստ Թրամփի՝ այժմ «ԱՄՆ-ի հերթն է» հարված հասցնելու շարունակվող դիմակայությունում, որը կարճ ժամանակով դադարել էր դիվանագիտական լուծում գտնելու նրա փորձերի ֆոնին։
«Մենք պատրաստվում ենք շատ ուժեղ հարվածել նրանց, որովհետև այժմ հարվածելու մեր հերթն է։ Նրանք գիտեն, որ դա տեղի կունենա»,- չորեքշաբթի Օվալաձև աշխատասենյակում լրագրողներին հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Ամերիկացի զինվորականների տվյալներով՝ Իրանը լույս չորեքշաբթի գիշերը հրթիռներ է արձակել տարածաշրջանում ԱՄՆ դիրքերի ուղղությամբ։ Բոլոր արձակված հրթիռները որսացվել են։
Այդ հարձակումը շեղում էր փոխադարձ հարվածների նախկին սխեմայից, երբ Իրանը պատասխանում էր ԱՄՆ-ի գործողություններին, և, ամերիկյան կողմի գնահատմամբ, ցույց տվեց Թեհրանի՝ ռազմական գործողությունները կրկին վերսկսելու պատրաստակամությունը։
Թրամփը հայտարարել է, որ Իրանը խնդրել էր ԱՄՆ-ին չպատասխանել հարձակմանը, սակայն, չնայած դրան, «միևնույն է, կրակ արձակեց»։
«Նրանք միևնույն է հարված հասցրին, ուստի այժմ մեր հերթն է»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Նա հավելել է, որ Վաշինգտոնը նախկինի պես կարող է համաձայնության գալ Իրանի հետ, բայց նախազգուշացրել է, որ հակառակ դեպքում պատասխանը «շատ կոշտ» կլինի:
Ավելի ուշ Թրամփը ենթադրել է, որ «հարձակման հետևում կարող էր կանգնած լինել իրանական ղեկավարության ներսում մեկ այլ խումբ, ոչ այն, որի հետ ԱՄՆ-ը բանակցություններ է վարում»։
«Դա ուրիշ խումբ էր, ոչ այն, որի հետ մենք գործ ունենք։ Նրանք արդեն ներողություն են խնդրել, բայց, գիտեք, մենք միևնույն է պետք է մի փոքր դաս տանք նրանց»,- հայտարարել է ամերիկյան նախագահը։
Source: https://news.am/hy/news/1052361