ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է Վաշինգտոնում նախագահ Էմանուել Մակրոնի առաջադրած՝ Ֆրանսիայի նոր դեսպանի թեկնածությունը հետաձգելու կամ նույնիսկ մերժելու հնարավորությունը՝ Փարիզի կողմից մարդու իրավունքների ոլորտում ամերիկյան քաղաքականության հրապարակային քննադատության հետնապատկերին, հայտնում է Reuters-ը։
Գործակալության զրուցակիցների տվյալներով՝ վերջնական որոշումը դեռ չի ընդունվել։ Սակայն երկու աղբյուր հայտնել են, որ Ժնևում ՄԱԿ-ում Ֆրանսիայի առաքելության հրապարակումը լուրջ դժգոհություն է առաջացրել Թրամփի վարչակազմի մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչների շրջանում։
Եվս երկու աղբյուր հայտնել են, որ ամերիկացի պաշտոնյաները փորձում են նվազեցնել լարվածությունը և խուսափել հակամարտության հետագա սրումից։
«Միացյալ Նահանգները խորապես հիասթափված են Ֆրանսիայի անպատասխանատու և անհարգալից հռետորաբանությունից։ Մենք այս մեկնաբանություններին պատասխանում ենք համապատասխան կերպով»,- հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչը։
Եթե Վաշինգտոնն իսկապես հետաձգի կամ մերժի Ֆրանսիայի դեսպանի թեկնածությունը, դա կլինի չափազանց անսովոր քայլ և կարող է էլ ավելի բարդացնել երկու դաշնակիցների հարաբերությունները, որոնք արդեն լարված են առևտրային մաքսատուրքերի և Իրանի հետ պատերազմի շուրջ տարաձայնությունների պատճառով։
Մակրոնն ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպանի պաշտոնում առաջարկել է Օրելյեն Լեշևալյեին՝ Ելիսեյան պալատի նախկին խորհրդականին, որն այժմ զբաղեցնում է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարրոյի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։ Փարիզը հաշվարկում էր, որ նոր դեսպանը կանցնի աշխատանքի արդեն սեպտեմբերին։
Սակայն նշանակման գործընթացը բախվել է դժվարությունների Ժնևում ՄԱԿ-ում Ֆրանսիայի առաքելության՝ X սոցիալական ցանցում կատարած հրապարակումից հետո։ Հաղորդագրության մեջ Փարիզը քննադատել էր ԱՄՆ որոշումը՝ Ռուսաստանի, Հյուսիսային Կորեայի և ևս մի քանի երկրների հետ միասին քվեարկելու ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Ֆոլքեր Տյուրկի մանդատը ևս չորս տարով երկարաձգելու դեմ։
«ԱՄՆ-ը ժամանակին մարդու իրավունքների փարոս էր։ Այլևս ոչ։ Աշխարհն այլևս նրան չի լսում»,- հայտարարել է ֆրանսիական առաքելությունը։
Աղբյուրներից մեկը նշել է, որ հրապարակումը համաձայնեցված էր պաշտոնական ուղիներով՝ հերքելով ենթադրությունները, թե այն ինքնուրույն տեղադրել էր ավելի ցածր մակարդակի աշխատակիցը։
Լարվածությունն ուժեղացավ երկուշաբթի, երբ ամերիկյան պատվիրակությունը լքեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը՝ Ուկրաինայի վերաբերյալ Ֆրանսիայի ելույթի ժամանակ՝ մեղադրելով Փարիզին «կեղծ քաղաքական ներկայացման» մեջ։
Ֆրանսիական դիվանագիտական աղբյուրը հայտարարել է, որ Տյուրկի մանդատի երկարաձգման աջակցությունը «չի խոչընդոտում ԱՄՆ-ի հետ սերտ երկխոսությանը»։
«Մեկ քվեարկության շուրջ տարաձայնությունները կասկածի տակ չեն դնում մեր հարաբերությունների որակը կամ միասին աշխատելու մեր կարողությունը»,- նշել է ֆրանսիական կողմի ներկայացուցիչը։
Միաժամանակ առճակատումը դարձավ Փարիզի և Վաշինգտոնի հարաբերությունների վատթարացման ևս մեկ դրվագ Թրամփի երկրորդ նախագահական ժամկետի ընթացքում։ Չնայած Թրամփի և Մակրոնի միջև կանոնավոր շփումներին՝ ԱՄՆ նախագահը քննադատել է եվրոպական երկրներին առևտրային քաղաքականության համար, ԵՄ կառավարություններին մեղադրել է աջ քաղաքական ուժերի իրավունքները սահմանափակելու մեջ և պահանջել է ավելացնել պաշտպանության ծախսերը։
Մինչև վերջին դիվանագիտական ճգնաժամը Վաշինգտոնն արդեն դժգոհ էր Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարրոյի հրապարակային հայտարարություններից։ Ավելի վաղ նախարարը քննադատել էր ԱՄՆ Պետքարտուղարության ծրագիրը, որը նախատեսում էր Եվրոպայում մինչև 3 միլիոն դոլարի նախագծերի ֆինանսավորում՝ «քաղաքակրթական ինքնավստահությունը» խթանելու համար։
«Ֆրանսիան և եվրոպացիները չեն հանդուրժի իրենց ընտրական գործընթացներին արտաքին միջամտության փորձերը՝ անկախ նրանից, թե որտեղից են դրանք գալիս»,- գրել է Բարրոն։
Փարիզում նաև դժգոհություն էին հայտնում Ֆրանսիայում ԱՄՆ դեսպան Չարլզ Քուշների գործողություններից, որին համարում են «Ամերիկան առաջին հերթին» վարչակազմի ավելի կոշտ մոտեցման ներկայացուցիչ։ Քուշները՝ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հայրը, երկու անգամ չի ներկայացել ֆրանսիական իշխանությունների կանչերին դիվանագիտական միջադեպերից հետո։
ԱՄՆ-ում դեսպանի նշանակման ընթացակարգը նախատեսում է Վաշինգտոնի պարտադիր համաձայնությունը թեկնածուի պաշտոնական նշանակումից առաջ։ Սովորաբար նման հարցերը լուծվում են փակ դռների հետևում, իսկ թեկնածությունների հրապարակային արգելափակումը հազվադեպ է լինում։
Մինչդեռ Մակրոնի քննադատները պնդում են, որ Ֆրանսիայում վերջին նշանակումների շարքը նախագահի՝ իր դաշնակիցների դիրքերն ամրապնդելու և 2027 թվականին իր ժամկետի ավարտից հետո ազդեցությունը պահպանելու փորձ է։ Նրա նշանակած գործիչների թվում են իր վարչակազմի նախկին ղեկավար Էմանուել Մուլենը, որը գլխավորել է Ֆրանսիայի կենտրոնական բանկը, ինչպես նաև Ռիշար Ֆեռանը, որը դարձել է Սահմանադրական խորհրդի ղեկավարը։
Ելիսեյան պալատը դեռ չի մեկնաբանել այս մեղադրանքները։
Source: https://news.am/hy/news/1052342