Բաքվի Նիզամիի շրջանային դատարանը դատավճիռ է ընդունել Ադրբեջանի չորս քաղաքացիների նկատմամբ, որոնք մեղավոր են ճանաչվել Խորհրդային Միության դրոշներով հրապարակային ակցիա կազմակերպելու փորձի համար, հայտնում է APA-ն։

Գործը կապված է անցյալ տարվա նոյեմբերին տեղի ունեցած միջադեպի հետ։ Այն ժամանակ սոցիալական ցանցերում տարածվել էր մի տեսանյութ, որտեղ մարդկանց խումբը փորձում էր Ադրբեջանի մայրաքաղաքում խորհրդային դրոշներով երթ անցկացնել։

Դատարանի առաջ կանգնել են Աբդուլլահ Իբրահիմլին, Իբրահիմ Ասադլին, Էլչին Բայրամլին և Մեհրան Զեյնալովը։ Քննությունն, ըստ իրավապահ մարմինների վարկածի, նրանց մեղադրում էր համացանցում կոմունիստական գաղափարախոսություն քարոզող նյութերի տարածման, ինչպես նաև չարտոնված հրապարակային միջոցառում կազմակերպելու փորձի մեջ։

Գործով անցնող անձանց մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 233-րդ հոդվածով. «Հասարակական կարգի խախտմանը նպաստող գործողությունների կազմակերպում կամ ակտիվ մասնակցություն այդպիսի գործողություններին»։

Դատաքննության արդյունքներով դատարանը սահմանել է հետևյալ պատիժները. Իբրահիմ Ասադլին և Աբդուլլահ Իբրահիմլին դատապարտվել են երկուական տարվա ազատազրկման։ Էլչին Բայրամլին և Մեհրան Զեյնալովը դատապարտվել են մեկուկես տարվա ազատազրկման։

Source: https://news.am/hy/news/1052340