ԱՄՆ-ի Ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային վարչությունը (NHTSA) հայտարարել է միջոցառումների փաթեթի մասին, որն ուղղված է առանց վարորդ տրանսպորտի ներդրման արագացմանը և ավտոմատացված ավտոմեքենաների ամերիկացի մշակողների աջակցությանը։
Կարևոր որոշումներից մեկը Zoox ընկերությանը ռոբոտաքսիների առևտրային շահագործման ժամանակավոր թույլտվություն տրամադրելն էր։ Երկու տարվա ընթացքում ընկերությունը հատուկ վերահսկողության ռեժիմի շրջանակում, որը կճշգրտվի տեխնոլոգիայի զարգացմանը զուգընթաց, ամեն տարի կկարողանա թողարկել մինչև 2500 առանց վարորդ ավտոմեքենա։
Բացի դրանից, NHTSA-ն SAE Industry Technologies Consortia-ի հետ համատեղ մեկնարկում է 5 միլիոն դոլար արժողությամբ եռամյա նախագիծ՝ առանց վարորդ ավտոմեքենաների համար առաջին ազգային անվտանգության չափորոշիչների մշակման նպատակով։ Իշխանությունները հույս ունեն, որ միասնական պահանջները կփոխարինեն առանձին նահանգներում գործող մեկուսի կարգավորման համակարգին։
Գերատեսչությունը նաև նոր ժամանակավոր կանոն կհրապարակի, որը հնարավորություն կտա առևտրային շահագործման հատուկ թույլտվությունները տարածել այն ավտոմեքենաների վրա, որոնք արտադրվել են դեռևս անվտանգության առանձին պահանջներից պաշտոնական ազատում ստանալուց առաջ։ Ենթադրվում է, որ դա կհեշտացնի նոր տեխնոլոգիաների մուտքը շուկա։
Միաժամանակ NHTSA-ն արդիականացնում է այսպես կոչված Part 555 բացառությունների ստացման ընթացակարգը, որոնք ավտոարտադրողներին թույլ են տալիս փորձարկումների և նորարարական տեխնոլոգիաների ներդրման համար ժամանակավորապես օգտագործել սահմանափակ թվով ավտոմեքենաներ, որոնք ամբողջությամբ չեն համապատասխանում դաշնային անվտանգության չափորոշիչներին։
Մեկ այլ նախաձեռնություն կլինի առանց վարորդ ավտոմեքենաների անվտանգ մշակման և շահագործման վերաբերյալ դաշնային հանձնարարականների թարմացումը՝ առաջին անգամ 2017 թվականից ի վեր։ Նոր հանձնարարականները կվերաբերեն արտակարգ ծառայությունների հետ փոխգործակցությանը, անվտանգության կառավարման համակարգերին, առանց վորորդ ավտոմեքենաների հեռավար աջակցությանը և ճանապարհատրանսպորտային պատահարներից հետո դրանց վարքագծին։
Բացի դրանից, գործակալությունը քննարկում է Robomart ընկերության դիմումը՝ վարորդ չունեցող ցածր արագությամբ ավտոմեքենայի համար անվտանգության մի շարք պահանջներից ժամանակավոր ազատում ստանալու վերաբերյալ։ Նախնական գնահատման ավարտից հետո նախագիծը կներկայացվի հանրային քննարկման։
NHTSA-ի ղեկավար Ջոնաթան Մորիսոնը նշել է, որ գերատեսչությունը մտադիր է աջակցել անօդաչու տեխնոլոգիաների անվտանգ զարգացմանը՝ միաժամանակ վերացնելով ավելորդ կարգավորիչ խոչընդոտները։ Նա ընդգծել է, որ նոր միջոցառումները պետք է ԱՄՆ-ին օգնեն պահպանել համաշխարհային առաջատարությունը ավտոմատացված տրանսպորտի ոլորտում։
Source: https://news.am/hy/news/1052592