Ընտանեկան տոնի ժամանակ միացրեք որևէ երգ և տեսեք, թե ինչ կկատարվի։ Փոքրիկները սկսում են ցատկոտել, տատիկներն ու պապիկները՝ օրորվել ռիթմի տակ, և շուտով գրեթե բոլորը սկսում են շարժվել երաժշտությանը համահունչ։ Երաժշտության տակ շարժվելը բնական մի բան է թվում, կարծես մենք այդպես ենք ծնվել։ Բայց, արդյո՞ք, այդպես է։
Մի քանի ամսական երեխան դեռ չի կարող ռիթմը պահել ոտքով կամ ծափ տալ կրկներգի ժամանակ։ Հետևաբար, հիմնական հարցն այն է, թե երբ է այդ ամենը վերջապես «միանում»։ Վիեննայի և Հռոմի մի խումբ հետազոտողներ որոշել են ուսումնասիրել կյանքի առաջին տարին՝ դա պարզելու համար։ Նրանց պատասխանը շատ ավելի բարդ էր, քան պարզ «այո»-ն կամ «ոչ»-ը։ Ըստ ամենայնի, ուղեղն ու մարմինը երաժշտությունը սիրել սովորում են տարբեր արագությամբ։
Երաժշտությունից հաճույք ստանալը, ըստ էության, մեր գլխում տեղի ունեցող երկու առանձին գործընթաց է։ Մեկը լսում է մեղեդին, որսում ռիթմը, վերելքներն ու վայրէջքները։ Մյուսը գործողություններ է ձեռնարկում՝ մարմինը շարժելով լսածին համապատասխան։ Գիտնականները դրանք անվանում են զգայական և շարժողական մասեր։ Մանուկների մոտ այս երկու մասերը կապող հետազոտություններ գրեթե չեն անցկացվել։
Հետազոտության առաջատար հեղինակ Տրին Նգուենը Հռոմի Italian Institute of Technology-ի գիտաշխատող է։
«Գիտելիքների այս պակասը մասամբ պայմանավորված է նրանով, որ շատ քիչ հետազոտություններ են միաժամանակ ուսումնասիրել ուղեղի ակտիվությունը և երաժշտությանն ի պատասխան առաջացող ինքնաբերական շարժումները»,- պարզաբանել է Տրին Նգուենը։ «Մանուկների երաժշտականության թե՛ զգայական, թե՛ շարժողական բաղադրիչների ուսումնասիրությունը թույլ կտար մեզ ավելի լավ հասկանալ, թե ինչպես ենք սովորում երաժշտության ընկալումը վերածել շարժման»։
Երկու կողմերը միաժամանակ ընդգրկելու համար թիմը ներգրավել է երեք, վեց և տասներկու ամսական 79 մանկան։ Յուրաքանչյուր փոքրիկ նստած էր բարձր աթոռին՝ էլեկտրոդներով ծածկված գլխարկով, որոնք գրանցում են ուղեղի թույլ էլեկտրական ազդանշանները։
Տեսախցիկները նկարահանում էին երեք անկյունից՝ ֆիքսելով յուրաքանչյուր շարժում։ Այնուհետև հնչել է երաժշտությունը։ Հետազոտողները միացրել են մանկական երգերի գործիքային հատվածներ։ Նրանք նաև նվագել են նույն երգերի աղավաղված տարբերակները, որտեղ նոտաները խառնված էին, իսկ ռիթմը՝ խաթարված։ Դա ավելի շատ աղմուկ էր հիշեցնում, քան մեղեդի։
Այս խառնաշփոթ տարբերակի մեջ էր թաքնված ամբողջ գաղտնիքը։ Եթե երեխան իսկական երգին ավելի ուժեղ է արձագանքում, քան այդ անհասկանալի տարբերակին, նշանակում է՝ նա արձագանքում է հենց երաժշտությանը, այլ ոչ թե պարզապես պատահական հնչյուններին։
Ուղեղի հետազոտության արդյունքները ստացվեցին արագ և հստակ։ Նույնիսկ երեք ամսական երեխաներն ավելի ուժեղ արձագանք էին դրսևորում իսկական երգերին, քան խառնված տարբերակներին։ Նրանց ուղեղն արդեն որսում էր երաժշտական կառուցվածքը հենց էլեկտրական ազդանշանի մակարդակով։ Հետևաբար, ձայնի ընկալման մեխանիզմը գործարկվում է շատ վաղ։
Բոլոր տարիքային խմբերում իրական երաժշտությունն ավելի հստակ արձագանք էր առաջացնում, քան աղավաղված տարբերակը։ Այն ամենը, ինչ անհրաժեշտ է մանկանը երգը որպես երգ ճանաչելու համար, հիմնականում արդեն առկա է երեք ամսականում։
Կարելի էր ակնկալել, որ անցումը դեպի շարժում տեղի կունենա անխափան։ Բայց այդպես չէ։ Երբ հետազոտողների թիմը չափեց, թե որքան ակտիվ են շարժվում մանուկները երաժշտության և աղմուկի տակ, իրական տարբերություն հայտնաբերվեց միայն տասներկու ամսական երեխաների մոտ։
Կրտսեր երեխաները շարժվում և թափահարում էին ոտքերը գրեթե նույն կերպ՝ անկախ նրանից, թե ինչ էր հնչում։ Ավելի մեծ երեխաներն էլ առանց պատճառի ձեռքերը չէին թափահարում։ Ծրագրային ապահովումը նրանց շարժումները բաժանեց տասը հիմնական տեսակի՝ հետուառաջ օրորվելուց մինչև ծափ հիշեցնող ժեստեր և կողքից կողք տարուբերվելը։
Երբ սկսում էր հնչել իրական երգը, 12 ամսական երեխաները հիմնականում սկսում էին ակտիվորեն շարժել մարմնի վերին հատվածը։ Հետևաբար, լսողությունն առաջ է անցնում զարգացման հարցում, իսկ մարմնին ամիսներ են պետք հետ չմնալու համար։
Իսկ հիմա մի բան, որը կարող է զարմացնել։ Ոչ մի մանուկ, անկախ տարիքից, չէր շարժվում երաժշտության ռիթմին համահունչ։ Նրանք շարժվում էին այդ ուղղությամբ, և, իհարկե, առաջին տարեդարձին դա ավելի նկատելի էր։ Բայց շարժվել ռիթմի մեջ, կարծես ոտքով հարվածելով սիրելի երգի տակտին՝ դեռ չկար։
Ըստ Նգուենի, այս աստիճանական աճը կապված է ուղեղի խորքերում տեղի ունեցող գործընթացների հետ։
«Կյանքի առաջին տարվա ընթացքում մանուկները, ըստ ամենայնի, մշտապես շարժում են մարմնի ստորին հատվածը՝ աստիճանաբար զարգացնելով նստած դիրքում մարմնի վերին հատվածի և ամբողջ մարմնի ավելի բարդ շարժումներ անելու ունակությունը, ինչպես նկատեցինք 12 ամսականների մոտ»,- նշել է Նգուենը։ «Կարծում ենք, որ այս աճող բարդությունը կապված է ուղեղի մեջքային լսողական ուղու (dorsal auditory pathway) աստիճանական հասունացման հետ. մի ուղի, որը, ինչպես նախկինում ենթադրվում էր, վճռորոշ դեր է խաղում ռիթմիկ համաժամացման և ռիթմի ընկալման հարցում»։
Սա կարելի է պատկերացնել որպես մի ճանապարհ, որը դեռ սալարկված չէ ուղեղի լսողական և շարժողական հատվածների միջև։ Ճանապարհը գոյություն ունի ծննդյան պահից, այն պարզապես դեռ կառուցված չէ։ Ինչ վերաբերում է ձայնի բարձրությանը, ապա հայտնաբերվել է ևս մեկ առանձնահատկություն։ Ինչպես գիտի յուրաքանչյուր ծնող, մանուկները պաշտում են բարձր ձայները։
Վեց ամսականում, և միայն վեց ամսականում, մանուկների ուղեղն ավելի ուժեղ էր արձագանքում բարձր տոնայնությամբ երաժշտությանը, քան ցածրին։ Այս ժամանակահատվածը կարող է կապված լինել այն փուլի հետ, երբ խնամողների հետ դեմ առ դեմ շփումն ամենատարածվածն է։
Ինչ վերաբերում է շարժողական ակտիվությանը, ապա բարձր երաժշտությունը բոլոր տարիքի փոքրիկներին դրդում էր ավելի շատ շարժվել։ Ազդեցությունը հազիվ նկատելի էր, բայց այն կար։
Արդյունքում մեր առջև բացվում է սանդուղքի պատկեր, այլ ոչ թե անջատիչի։ Նախ հայտնվում է երաժշտություն լսելու կարողությունը, և դա տեղի է ունենում արագ, դրա տակ նպատակաուղղված շարժումները հայտնվում են ավելի ուշ, իսկ իսկական պարերը սպասվում են առաջին տարեդարձից հետո։
«Մենք ցույց տվեցինք, որ, ինչպես երաժշտության լսողական կոդավորումը, երաժշտության տակ շարժվելը ձևավորվում է զարգացման վաղ փուլերում»,- եզրակացրել է հետազոտության առաջատար հեղինակ Ջակոմո Նովեմբրեն։ «Սա կարող է արտացոլել կենսաբանական կամ վաղ նախատրամադրվածությունը, որն ի վերջո հանգեցնում է պար հիշեցնող վարքագծի, թեև այդ շարժողական արձագանքները մնում են թերզարգացած մինչև 12 ամսականը»։
Այս հետազոտությունը ցույց է տալիս, թե ինչպես է մանկան զարգացող ուղեղն աստիճանաբար երաժշտությունը վերածում բնական շարժումների։ Լրացուցիչ հետազոտություններ են անհրաժեշտ՝ հասկանալու համար, թե ինչպես է այս գործընթացը շարունակվում առաջին տարուց հետո և ինչու է դա կարևոր։
Source: https://news.am/hy/news/1050561