Մյանմայի խորհրդարանը հավանություն է տվել մի օրինագծի, որը նախատեսում է ընդհուպ մինչև մահապատիժ սահմանել այն հանցագործների համար, ովքեր հարկադիր աշխատանք են կիրառում առցանց խարդախության կենտրոններում։ Այս մասին հայտնում է Agence France-Presse (AFP) գործակալությունը։

Խորհրդարանի վերին պալատի խոսնակ Աուն Լին Դվեն հայտարարել է ստորին պալատի հետ խորհրդակցությունների արդյունքում ներկայացված համապատասխան փոփոխությունների ընդունման մասին։ Մայիսին հրապարակված օրինագծով նախատեսվում էր 10 տարուց մինչև ցմահ ազատազրկում, ինչպես նաև մահապատիժ՝ «առցանց խարդախության հետ կապված գործողություններ կատարելուն հարկադրելու նպատակով բռնության, խոշտանգումների, ապօրինի ազատազրկման կամ դաժան վերաբերմունքի համար»։

Հաստատված օրենսդրության համաձայն՝ դատարանը կարող է մահապատիժ նշանակել, եթե հանցագործների իրականացրած բռնության հետևանքով մարդ է զոհվել։

The Global New Light of Myanmar թերթը հուլիսի 28-ին տեղեկացրել է Թաիլանդի սահմանին գտնվող Շվե Կոկկո և Մյավադի քաղաքների շրջաններն առցանց խարդախներից լիովին մաքրելու մասին, որտեղ վերջին ամիսներին քանդվել են չարագործներին պատկանող ընդհանուր առմամբ 77 անօրինական շինություններ, ինչպես նաև 17-հարկանի շենք։ Պարբերականը նշում է, որ Մյանմայի կառավարությունը հարևան երկրների հետ համագործակցությամբ կշարունակի ջանքեր գործադրել առցանց խարդախության և ապօրինի մոլեխաղերի դեմ պայքարում։

Source: https://news.am/hy/news/1052092