McLaren Automotive-ի կազմում ընդգրկված McLaren Special Operations անհատական նախագծերի արհեստանոցը ստեղծել է M6GT կենտրոնական շարժիչով սպորտային կուպեն: Այս մեքենայի առանձնահատկությունն այն է, որ այն ստեղծվել է 60 տարվա վաղեմության գծագրերով՝ 1968 թվականի «Լե Մանի 24 ժամ» մրցարշավի 4-րդ խմբի կանոնակարգի համաձայն:
Ժամանակին նախագիծը չիրականացվեց, քանի որ մեքենան նախագծած մրցարշավորդ Բրյուս Մակլարենը ի վերջո հրաժարվեց 1968 թվականի «Լե Մանի 24 ժամ» մրցարշավին մասնակցելու մտքից՝ կենտրոնանալով Can-Am հյուսիսամերիկյան տոկունության մրցարշավների շարքի և Formula 1-ի վրա, հայտնում է Drom.ru-ն:
McLaren M6GT-ի երկու մրցարշավային նախատիպերը, որոնք այդպես էլ չմեկնարկեցին Լե Մանում, նվազագույն փոփոխություններով վերածվեցին ճանապարհային մեքենաների, որոնցից մեկը Բրյուս Մակլարենն օգտագործում էր որպես անձնական մեքենա:
MSO-ում հնարավորինս մեծ բծախնդրությամբ են մոտեցել հավաստագրված McLaren M6GT-ի վերստեղծմանը՝ օգտագործելով այդ դարաշրջանի բնօրինակ բաղադրիչներ: Մեքենայի հիմքում դրվել է McLaren M6B սպորտային նախատիպի բնօրինակ շասսիներից մեկը. այն կառուցել էր Trojan-Tauranac Racing ընկերությունը առևտրային նպատակներով՝ այլ մրցարշավային թիմերի վաճառելու համար: Մեքենայի վրա օգտագործվել են կախոցի վերականգնված բնօրինակ տարրեր:
McLaren M6GT-ի ապակեպլաստե փակ թափքը MSO-ի վարպետները վերստեղծել են ձեռքով՝ պահպանված գծագրերի և լուսանկարների հիման վրա:
Ավտոմեքենան համալրված է լուսային տեխնիկայի ամբողջական հավաքածուով, ներառյալ շրջադարձի ցուցիչները, դիմապակու ավտոմատ մաքրիչով, սակայն չունի հետին տեսադաշտի հայելիներ, որոնք 1960-ականներին պարտադիր չէին ճանապարհային մեքենաների համար:
Օգտագործվել է 1967 թվականի Chevrolet Camaro Z/28-ի 4,9 լիտր ծավալով V8 շարժիչ՝ մեկ լիսեռով և կարբյուրատորային սնուցման համակարգով, ինչպես McLaren M6A-ի վրա: Սրահի հատակը պատված է 1970-ականներին պատրաստված կանաչ գորգով, կոնսոլը պատված է վինիլով, իսկ փոխանցման տուփի լծակի գլխիկը պատրաստված է ընկուզենու փայտից:
Մեքենան այս ամիս կցուցադրվի բրիտանական Գուդվուդում կայանալիք ավտոմոբիլային փառատոնում:
Source: https://news.am/hy/news/1050564