Անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի միջոցների աճող պահանջարկի ֆոնին՝ ամերիկյան Lockheed Martin կորպորացիան Patriot ՀՕՊ համակարգերի համար հրթիռների նոր և ավելի մատչելի մոդել կմշակի։ Այս մասին հայտնում է Financial Times-ը։
Նրա տեղեկություններով՝ PAC-3 Adapted Capability Effector նոր հրթիռները երկու անգամ ավելի էժան կլինեն, քան սպառազինության մեջ գտնվող PAC-3 MSE-ները, որոնց մեկ միավորի արժեքը գնահատվում է 4 միլիոն դոլար։ Բացի այդ, նոր հրթիռների արտադրության ժամկետները կլինեն ավելի կարճ։
Ընկերությունում նշել են, որ թարմացված հրթիռների արտադրությունը նախատեսվում է գործարկել Եվրոպայի արդյունաբերական գործընկերների հետ համատեղ։
FT-ն պարզաբանում է, որ Patriot համակարգերի պահանջարկը կտրուկ աճել է 2022 թվականին Ուկրաինայում զինված հակամարտության սկսվելուց հետո, ինչը հանգեցրել է այս սպառազինությունների համաշխարհային պաշարների սպառմանը և ԱԹՍ-ների դեմ պայքարի ավելի էժան այլընտրանքների պահանջարկի ավելացմանը։
Ինչպես հայտնում է The Wall Street Journal-ը, հրթիռների նոր մոդելը կարող է ներկայացվել երկուշաբթի օրը բրիտանական Ֆարնբորոյում մեկնարկող միջազգային ավիասրահում։
Source: https://news.am/hy/news/1050722