Երկրի կլիման ունի ներկառուցված բնական «արգելակներ», որոնք հարյուր միլիոնավոր տարիներ աշխատել են ուժեղացված ռեժիմով՝ թույլ չտալով մոլորակի ջերմաստիճանի այնպիսի կտրուկ տատանումներ, ինչպես նախկինում կարծում էին գիտնականները: Սակայն նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ այդ հնագույն շոգ ժամանակաշրջաններում մոլորակի ջերմաստիճանն իրականում զգալիորեն ավելի ցածր է եղել, քան նախկինում ենթադրվում էր, գրում է Earth.com-ը:

Արդյունքներն առանձնապես մտահոգիչ են, քանի որ նշանակում են՝ մարդածին անվերահսկելի տաքացումը կարող է դրդել Երկրին նախկինում չտեսնված տատանումների։ Լիդսի համալսարանի թիմն անցկացրել է հետազոտություն. գիտնականները չափման նոր մեթոդ են օգտագործել Երկրի ջերմաստիճանը վերականգնելու համար ֆաներոզոյի ժամանակաշրջանում, որն ընդգրկում է մոտ 540 միլիոն տարի առաջվանից մինչև մեր օրերն ընկած ժամանակահատվածը:

Նախկին հետազոտությունները որոշ երկրաբանական ժամանակաշրջաններում մոլորակի ջերմաստիճանը գնահատում էին նախաարդյունաբերական մակարդակից 20°C-ով բարձր, հայտնում է Фокус-ը: Ավելին՝ կարծիք կար, որ որոշ վաղ դարաշրջաններում, երբ էվոլյուցիա էին ապրում առաջին կենդանիները, ջերմաստիճանը հնարավոր է հասել է նախաարդյունաբերական մակարդակից 30°C բարձր ցուցանիշի: Գիտնականների վկայությամբ, այս թվերը պատկերում էին մի մոլորակ, որն ընդունակ է դիմակայել ծայրահեղ շոգի:

Բայց այժմ նոր հետազոտությունը բոլորովին այլ պատկեր է ներկայացնում. տվյալները մատնանշում են բնական կայունացնող գործընթացները, որոնք երկրաբանական ժամանակաշրջանի ընթացքում մոլորակի ջերմաստիճանը պահել են ավելի նեղ սահմաններում:

Ըստ գիտնականների, նման գործընթացները Երկրի կենսոլորտին հնարավորություն են տվել հետագա էվոլյուցիայի համար՝ թույլ չտալով բազմիցս հասնել աղետալի ծայրահեղությունների։ Այսպիսով, գիտնականները եկել են այն եզրակացության, որ անցյալում մեր մոլորակը զգացել է ծայրահեղ ջերմաստիճաններ, որոնք առավելագույնը 10°C-ով են գերազանցել նախաարդյունաբերական ջերմաստիճանները։ Սա դեռևս ավելի շոգ է, քան այսօր, բայց ամբողջ 10–20°C-ով ավելի սառն է, քան նախկինում ենթադրվում էր:

Ըստ հետազոտության առաջատար հեղինակ, Չենդուի տեխնոլոգիական համալսարանից Դունյույ Չժենի, ստացված արդյունքները վերականգնում են անցյալի գլոբալ ջերմաստիճանների շատ ավելի մանրամասն պատկերը, քան թույլ էին տալիս նախկին մեթոդները:

Հետազոտությունը նաև ենթադրում է, որ Երկրի կլիմայական երկարաժամկետ զգայունությունը, հավանաբար, կարող է ավելի ցածր լինել, քան որոշ վերջին գնահատականներ: Արդյունքները ցույց են տալիս, որ անցյալում Երկրի ջերմաստիճանը խստորեն կարգավորվել է, սակայն մոլորակի մարդածին տաքացումը 10°C-ով, հնարավոր է, մարդկությանը հասցնի այնպիսի ցուցանիշների, որոնք մեր մոլորակը նախկինում չի տեսել:

Source: https://news.am/hy/news/1050562