«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության համանախագահ Ալիս Վայդելը հայտարարել է, որ Գերմանիայի կառավարության կադրային վերադասավորումները հանգեցրել են էլ ավելի մեծ քաոսի և կոչ է արել անցկացնել արտահերթ ընտրություններ։
Այդ մասին Վայդելը գրել է X-ի իր էջում։
Նրա խոսքով՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը փորձել է վճռականություն ցուցադրել, սակայն դրա փոխարեն կենտրոնացել է ներքին կադրային հարցերի վրա, որոնք չեն համապատասխանում երկրի խնդիրների մասշտաբին։
«Գերմանիային արտահերթ ընտրություններ են պետք», — հայտարարել է Վայդելը։
Ավելի վաղ Մերցը հայտնել էր կառավարության առաջին կադրային փոփոխությունների մասին՝ Բունդեսթագում ՔԴՄ/ՔՍՄ խմբակցության ղեկավար Յենս Շպանի հրաժարականից հետո։ Դաշնային կանցլերի գրասենյակի ղեկավար Թորստեն Ֆրայը պետք է զբաղեցնի խորհրդարանում ՔԴՄ/ՔՍՄ խմբակցության ղեկավարի պաշտոնը։
Դրանից հետո Դաշնային կանցլերի գրասենյակի ղեկավարի պաշտոնը կզբաղեցնի առողջապահության նախարար Նինա Վարկենը, առողջապահության նոր նախարար կդառնա ՔԴՄ գլխավոր քարտուղար Քարսթեն Լինեմանը։ Թվայնացման նախարարության խորհրդարանական պետական քարտուղար Ֆիլիպ Ամթորը կփոխարինի Միխայել Մայսթերին դաշնային կենտրոնի և երկրամասերի միջև կապերի գծով պետական նախարարի պաշտոնում։
Source: https://news.am/hy/news/1051538