Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող անցակետի վրա մահապարտի հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 14 մարդ։
Այս մասին հաղորդել է «Սինհուա» լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով երկրի անվտանգության ծառայություններին։
Գերատեսչության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Տանկ շրջանում։ Բարձր արագությամբ ընթացող ավտոմեքենան բախվել է անցակետին, ինչից հետո տեղի է ունեցել հզոր պայթյուն, որն ամբողջությամբ ավերել է օբյեկտը։
Զոհվածների թվում են ինը զինծառայող, ոստիկանության չորս և անտառային վարչության մեկ աշխատակից։ Եվս առնվազն 24 մարդ, որոնց մեծ մասը՝ զինվորական, ստացել է վնասվածքներ։
Տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ։ Փրկարար ծառայությունները շարունակում են փլատակների ապամոնտաժումը, որոնց տակ, ենթադրաբար, կարող է գտնվել ևս երեք զինծառայող։
Պայթյունից հետո անվտանգության ուժերը վնասազերծել են երեք զինյալի։ Հարձակման պատասխանատվությունը մինչ այժմ չի ստանձնել որևէ ծայրահեղական խմբավորում։
Source: https://news.am/hy/news/1051551