Եվրոպական հանձնաժողովն ամերիկյան Google ընկերությանը 890 միլիոն եվրոյի տուգանք է սահմանել՝ Թվային շուկաների մասին օրենքի (DMA) պահանջները խախտելու համար։
Այս մասին հաղորդվել է Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական կայքում։
Բրյուսելի տվյալներով՝ Google-ը որոնման արդյունքներում առաջնահերթություն է տալիս սեփական ծառայություններին, այդ թվում՝ առցանց առևտրի հարթակներին, հյուրանոցների ամրագրման, տրանսպորտային և տեղեկատվական ծառայություններին՝ սահմանափակելով մրցակիցների նման առաջարկների տեսանելիությունը։
«Google-ը որոնման արդյունքներում ավելի տեսանելի է ներկայացնում սեփական ծառայությունները՝ դրանք տեղադրելով էջի վերին հատվածում կամ օգտագործելով տեսանելի վիզուալ տարրեր և զտիչներ, մինչդեռ երրորդ կողմերի նման ծառայությունները չեն ստանում նույն տեսանելիությունը», — նշվել է Եվրահանձնաժողովի հայտարարությունում։
Բացի այդ, Եվրահանձնաժողովը հայտնել է, որ Google-ը թույլ չի տալիս հավելվածներ մշակողներին անվճար տեղեկացնել օգտատերերին այլընտրանքային և հաճախ ավելի էժան առաջարկների մասին և ուղղորդել նրանց դեպի երրորդ կողմի կայքեր կամ հավելվածների այլընտրանքային խանութներ։
Source: https://news.am/hy/news/1051552