ԱՄՆ-ում մի քանի դպրոցներ նոր ուսումնական տարում կսկսեն օգտագործել զինված հարձակումներից պաշտպանության անսովոր համակարգ՝ ազդանշանային համակարգերով, ստրոբոսկոպներով, պղպեղային գելով և ազդեցության այլ միջոցներով հագեցած դրոններ, հայտնում է CBS News-ը։

Մշակողները պնդում են, որ սարքերն ունակ են հայտնաբերել ակտիվ հրաձգին և վայրկյանների ընթացքում միջամտել իրավիճակին։

Առաջինն նման համակարգեր կստանան Կոլորադո, Ֆլորիդա և Ջորջիա նահանգների դպրոցները։ Դրոնները մշակել է Mithril Defense ընկերությունը, որը դրանք փորձարկել է որպես իրավապահ մարմինների համար լրացուցիչ գործիք դպրոցներում հարձակումների ժամանակ։

Ընկերության գլխավոր տնօրեն Ջասթին Մարսթոնի գնահատմամբ՝ Campus Guardian Angel դրոններն ունակ են շարժվել դպրոցական միջանցքներով մինչև 80 կմ/ժ արագությամբ և կարող են ուղղորդվել օպերատորների կողմից Թեքսաս նահանգի Օստին քաղաքում տեղակայված ընկերության կենտրոնակայանից։ Համակարգի նպատակն է հայտնաբերել հրաձգին մոտ 15 վայրկյանում։

Վտանգը հայտնաբերելուց հետո դրոնը կարող է օգտագործել բարձր ազդանշան, լույսի պայծառ բռնկումներ և պղպեղային գելի ցրում՝ հարձակվողին ապակողմնորոշելու համար։ Ծայրահեղ դեպքում սարքն ունակ է բախվել հրաձգին մոտ 95 կմ/ժ արագությամբ։

Դրոնները կպահվեն դպրոցների ներսում գտնվող հատուկ պաշտպանված բոքսերում և կարող են գործարկվել գրեթե ակնթարթորեն։ Մշակողները համարում են, որ դա հատկապես կարևոր է, քանի որ դպրոցներում հարձակումների մեծ մասն ավարտվում է երկու-երեք րոպեի ընթացքում՝ դեռևս մինչև ոստիկանության՝ գործողությունը լիարժեք ծավալելը։

Մարսթոնը նշել է, որ սարքերը միաժամանակ կկարողանան առաջինը մտնել այն սենյակները, որտեղ գտնվում է զինված անձը՝ նվազեցնելով ոստիկանության աշխատակիցների համար ռիսկը։

«Ոստիկանը երբեք չպետք է ռիսկի ենթարկի իր կյանքը, եթե այդ առաջադրանքը կարող է կատարել դրոնը։ Մեզ համար վախենալի չէ, եթե դրոնը վնասվի․ դա ուղղակի պլաստիկի կտոր է։ Մինչդեռ ոստիկանի կյանքն անփոխարինելի է»,- հայտարարել է Mithril Defense-ի ղեկավարը։

Նման տեխնոլոգիաների օգտագործումը դառնում է ամերիկյան դպրոցներում անվտանգության աճող շուկայի մաս։ Learning Policy Institute կրթական քաղաքականության ինստիտուտի տվյալներով՝ ԱՄՆ դպրոցները տարեկան մոտ 4 միլիարդ դոլար են ծախսում շենքերի ֆիզիկական պաշտպանության վրա, ներառյալ մետաղորսիչները, տեսահսկման տեսախցիկները և անվտանգության այլ համակարգերը։

Սակայն գաղափարը վեճեր է առաջացրել փորձագետների և ծնողների շրջանում։ Քննադատները կարծում են, որ զինված տեխնոլոգիաների վրա խաղադրույք կատարելը կարող է ուժեղացնել տագնապն աշակերտների շրջանում և շեղել ուշադրությունը դպրոցական բռնության պատճառներից։ Հետազոտողները նշում են, որ ամենաարդյունավետ միջոցները մնում են հոգեբանական աջակցության ծրագրերը, աշակերտների և մանկավարժների միջև վստահելի հարաբերությունների ամրապնդումը, ինչպես նաև անվտանգ դպրոցական միջավայրի ստեղծումը։

Տեխնոլոգիայի կողմնակիցները դա համեմատում են հակահրդեհային անվտանգության հետ․ վտանգի կանխարգելումը կարևոր է, սակայն դպրոցները, միևնույն է, պետք է ունենան արտակարգ իրավիճակներին արձագանքման միջոցներ։ Համակարգի արժեքը կազմում է տարեկան մոտ 20 հազար դոլար՝ մոտ 7,4 հազար քմ մակերեսով դպրոցի համար, ինչը, ըստ մշակողների, ավելի էժան է, քան անվտանգության ծառայության առանձին աշխատակցի վարձելը։

Ընդ որում, ծնողներից ոմանք արդեն հանդես են եկել նախագծի դեմ՝ մտավախություն ունենալով, որ պղպեղային գելը կամ ազդեցության այլ միջոցներ կարող են պատահաբար վնաս հասցնել երեխաներին։ Երեք նահանգներից բացի, նման դրոնների օգտագործման հնարավորությունն ուսումնասիրում է Լուիզիանա նահանգը, որտեղ իշխանությունները վերջերս հաստատել են փորձնական ծրագիր մի քանի դպրոցներում։

Source: https://news.am/hy/news/1052337