ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարությունն ավարտել է Իրանի դեմ հերթական հարվածների փուլը։

«ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել Իրանի ռազմական հրամանատարական կենտրոններին, ռազմածովային օբյեկտներին, հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արձակման կայանքներին, ինչպես նաև հակաօդային պաշտպանության համակարգերին՝ թուլացնելու Իրանի կարողությունը շարունակելու հարձակումները Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ»,- հայտնել են ԱՄՆ զինված ուժերից։

Նույն աղբյուրի համաձայն՝ միջազգային ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցով առևտրային նավերի երթևեկությունը շարունակվում է։ Մայիսի սկզբից ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարության ուժերն ապահովել են շուրջ 900 առևտրային նավի և 450 միլիոն բարել հում նավթի անվտանգ տարանցումը։

Pars Today-ի փոխանցմամբ՝ Իրանի Չաբահար և Քոնարակ քաղաքներում առնվազն 14 պայթյուն է լսվել։ Պայթյուններ են որոտացել նաև Իրանի հարավում գտնվող Սիրիկ քաղաքում։

Իսկ IRIB պետական հեռուստառադիոընկերության տեղեկացմամբ՝ հարձակման են ենթարկվել նաև Շիրազ և Բենդեր Աբբաս քաղաքները։

Source: https://news.am/hy/news/1050821