Եվրոպան կանգնած է շրջադարձային պահի շեմին՝ Ռուսաստանի գազից հրաժարվելու իր բազմամյա պայքարում։ Վեց ամսից էլ քիչ ժամանակ անց Եվրոպական միությունը կդադարեցնի ռուսաստանյան հեղուկացված բնական գազի վերջին մատակարարումները, ինչը կարևոր քայլ կլինի Կրեմլին խոչընդոտելու փորձերում, որպեսզի նա չկարողանա իր առատ էներգակիրների պաշարներն օգտագործել ռազմական մեքենան ֆինանսավորելու համար։ Այս մասին գրում է The New York Times-ը։
Այս անցումը հաղթահարելու համար Եվրոպան զգալիորեն ավելացրել է վառելիքի ներմուծումը, հատկապես՝ Միացյալ Նահանգներից։ Ամերիկյան արտադրողները ներկայումս մատակարարում են եվրոպական հեղուկացված բնական գազի մոտ երկու երրորդը, և այդ բաժինը կարող է տասնամյակի վերջում աճել մինչև 80%։
Սակայն Միացյալ Նահանգների և Եվրոպայի հարաբերությունները գտնվում են ծանր վիճակում՝ խաթարված Թրամփի՝ մաքսատուրքեր սահմանելու հաճախակի սպառնալիքներից, Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու նրա պարբերական պահանջներից և Իրանի դեմ պատերազմ սկսելու ԱՄՆ-ի որոշման շուրջ տարաձայնություններից։
Սա լուրջ անհանգստություն է առաջացրել պաշտպանության և էներգետիկայի ոլորտների ղեկավարների շրջանում, որոնք վախենում են, որ Եվրոպան, ազատվելով ռուսաստանյան գազային մենաշնորհի ճիրաններից, Վաշինգտոնին՝ և անկանխատեսելի ամերիկացի նախագահին, չափազանց մեծ ազդեցություն է տալիս իր ներքին էներգետիկ քաղաքականության վրա։
Ձգտելով մեկընդմիշտ խզել Միացյալ Նահանգներից, ինչպես նաև այլ երկրներից կախվածության այս արատավոր շրջանը՝ եվրոպացի առաջնորդներն անցյալ շաբաթ ներկայացրին մայրցամաքի էլեկտրիֆիկացման ծրագիրը։ Եվրոպական հանձնաժողովը ձգտում է արագ անցում կատարել սեփական վերականգնվող էներգիայի աղբյուրներին։
Առաջարկը կոչված է զրկելու օտարերկրյա էներգամատակարարներին իրենց ազդեցության լծակներից՝ միաժամանակ կրճատելով ջերմոցային գազերի արտանետումները և նվազեցնելով էներգիայի ծախսերը։
Source: https://news.am/hy/news/1051764